Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շատ աղեկ։


— Բոթին կրակի տվեք։


— Անցյալ օր տվինք ա՛։


— Անգամ մը ալ տվեք։


— Լավ, ուրի՞շ։


— Այսօրվան համար բավական է այսչափ, վաղվան համար ավուր պատշաճի բան մը կընենք։


— Շատ աղեկ։


Եթե Ռուսիո մեջ ալ Պասիրեթի պես լրագիր մը կա՝ մեր բանը բուսած է. ո՞վ գիտե ինչ սուտեր կը գրե մարդը լրագիր քշելու համար։ Պաթումը առինք կըսե, պաշըպոզուխներեն երկու հազար հոգի բռնեցինք, Չյուրյուք Սուլու Ալի փաշային զորքերը ետ փախուցինք, անոցմե հինգ հազար հոգի մեռան, մեզմե հինգ հոգի խալբախներուն ծայրեն վիրավորվեցան, ռմբակոծութենե հարսը բռնկեցավ, ու կայծերը էրզրումի մեջ իյնալով՝ հոն ալ հրդեհ պատահեցավ, որ մեկն ըսեմ, վերջապես ասոնց նման սուտեր կը գրե ու կր հրատարակե։


Ասանկ լրագիրները կարդացողներուն ուժ և դատողություն կը բարեմաղթենք։


Մեր ազգին պես ամիրա ազգ մը չկա, երկու կողմեն ալ ներկայացուցիչ ունի։


Ազգային երեսփոխանությունն արդեն ազգին ներկայացուցիչն էր, օսմանյան երեսփոխանության հայ անդամներն ալ ազգին ներկայացուցիչ եղան։


Երկու երեսփոխան, մին ազգային և մյուսն օսմանյան, երեկ այս մասին կը խոսակցեին իրարու հետ։


— Իրավունք չունիք, կըսեր ազգայինը, ազգը ներկայացնելու. դուք ամբողջ օսմանյան ազգը կը ներկայացունեք։


— Չէ՞ մի որ մեր ազգն ալ անոր մեկ մասն է։


— Այո՛, բայց զայն ներկայացնելու իրավունքր մերն է։


— Մենք ալ ներկայացունենք նե՝ ի՞նչ կըլլա։


— Ներդաշնակությունը կավրըվի. կամ դուք ներկայացուցե՛ք, կամ թող տվե՛ք, որ մենք ներկայացունենք։