Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Դուք ալ ներկայացուցեք, մենք ալ կը ներկայացունենք. մեր ազգը ներկայացուցման պետք ունի:


— Լավ, բայց կը խնդրեմ, որ այս ներկայացման մեջ դուք երկրորդական դերերը կատարեք։


— Ո՛չ, առաջին դերերը մենք պիտի կատարենք, որովհետև մենք ձեզմե աղեկ կը ներկայացնենք կոր։


— Ինչե՞ն հայտնի է։


— Ամենքն ալ ծափահարեցին մեզի։


— Ո՛չ թե աղեկ ներկայացնելնուդ համար ծափահարվեցաք, այլ աղեկ ծափահարվելու համար ներկայացուցիք։


Հասարակությունը այնչափ կարևորություն չտար Եվրոպայեն եկած լուրերուն, որչափ որ կուտա հացագործներեն եկածներուն։


Երեք, երեքուկես, չորս, չորսուկես, կամաց կամաց տասը ղուրուջի պիտի բարձրանա հացին գինը։ Հասարակությունն ալ կամաց կամաց պիտի իջեցունե ուտելիք հացին տրամը, և իջեցունելով իջեցունելով՝ կամաց կամաց պիտի վարժվի բնավ հաց չուտելու։


— Համբարձում աղա, կ՝ըսեր երեկ Ղազարոս աղան, հացին հետ ի՞նչ կընես կոր։


— Ի՞նչ պիտի ընեմ, կ՝առնեմ կոր, օրը չորս հաց կերթա կոր։


— Ասոր վերջը։


— Ո՝վ գիտե։


— Ես երեկ պատվիրեցի տունը, որ կերակուր ուտելնեն ետքը շատ չպտըտին, որպեսզի շուտ մը չմարսեն կերածնին ու նորեն չանոթենան:


— Աղեկ։


— Քունն ալ կես մը հացին տեղ կը բռնե եղեր, պատվիրեցի, որ օրը երկու երեք ժամ քնանան։


— Գեշ չէ։


— Աստուծմե եղավ, որ կնիկս այս օրերս քեյֆը ավրեց:


— Անկից ի՞նչ կը վաստկիս: