Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Գրած չունիմ, դուն գրել աշխատելու ես որ չգոցվիս։


— Օրինակի համար, մի՛ ըսեր, թե օրիորդ Մարգրիտը ամեն օր առտվնե մինչև իրիկուն կը պտըտի և տունը չնստիր բնավ, այլ ըսե՝ թե շատ պտըտիլը պատիվ չբերեր աղջկներուն, մի՛ ըսեր՝ թե Պասիրեթը, Լեվընթը, Վաքըթը, Լա Թյուրքին, Լրագիրը սուտ լուրեր կուտան կոր, այլ ըսե՝ թե լրագիրներուն չվայլեր սուտ լուրեր տալը, մի ըսեր՝ թե այսինչ էֆենտին քանի մը տարիե ի վեր ազգային գործերու շնորհիվ կ՝ապրի, այլ ըսե՝ թե ով որ իր խանութը, գործը կը ձգե և ազգային գործերեն դուրս չելներ, չի կրնար պատիվ և համարում գտնել, այսպես ըսելով մարդ վիրավորած չես ըլլար։


— Շատ աղե՛կ, այնպես կընեմ...


— Սկսե՛, նայիմ։


— Լավ. պաշտոնի գլուխ գտնվողներուն չվայլեր օրը երկու անգամ հրաժարական տալ։


— Տեսա՞ր, մեկու մը չդպավ։


— Պողոս առաքյալը ասկից տասն և ինը դար առաջ Տիմոթեոսին և հռովմեացվոց շրջաբերական մը գրեց և այս շրջաբերականը Պատրիարք մը ստորագրեց։


— Տեսա՞ր, ինչ անուշիկ կըլլա կոր։


— Քաղաքական ժողովի անգամ ըլլալով՝ դատ վարող մեկու մը պոնո ղրկելը աղեկ բան չէ։


— Աս ալ աղեկ։


— Պարապ բան է մեկուն ըսելը՝ թե ես քուկին ստակիդ պետք չունիմ, քանի որ անիկա քեզի ստակ տալու խոսք մը ըրած չէ և մանավանդ թե անուղղակի կերպով քեզի ստակ չտալիքն ալ հայտներ է։


— Տեսա՞ր, այս եղանակով ոչ ոք կը վիրավորվի։


— Լուր մը չեղած ատենը հավելված հանելը պարզապես ավազակություն ընել ըսել է։


— Այո՛, այնպես է։


— Միշտ երկու կողմը կոտրտվելով քալող և ինքզինքը թուալեթի տվող կրոնավորներեն զգուշանալու է։


— Ճիշտ է։


— Ըսել է, որ այս եղանակով հարյուր տարի ալ գրելու ըլլամ՝ բնավ չեմ գոցվիր։