Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽԻԿԱՐԻՆ ՀԵՏ

<75>

— Ի՞նչ են կարդացածներդ, Խիկար։


— Լրագիրները աչքե կանցունեմ։


— Ի՞նչ կը գրեն։


— Շատ բաներ կը գրեն, բայց բան մը չեմ կրնար հասկնալ։


— Ավստրիո քաղաքականությունը առաջվան պես է եղեր։


— Այսինքն ի՞նչ քաղաքականություն ունենալը հայտնի հայտնի չէ եղեր։


— Չեզոք մնալով հանդերձ պետք եղած ատեն պիտի գործե եղեր:


— Ներգործակերպ չեզոք չըսե՞ս։


— Այո՛։


— Առջի օրը հեռագիր մը կարդացի, որ կ՝ըսեր թե ռուսերը դեպի Կարս ետ քաշված են։ Աս ի՛նչ ըսել է, թշնամին դեպի մեր բերդերը ետ ետ հալածելը կարծեմ աղեկ բան չէ։


— Ատոնցմե ես ալ բան չեմ հասկնար։


— Հունաստանը արևելյան խնդրույն սաստկություն չտալու համար բանի մը չպիտի խառնվի եղեր։


— Ողջ ըլլա։


— Պուքրեշեն եկող հեռագրին ի՞նչ կըսես։


— Ո՞ր հեռադրին։


— Ռուսերը Իպրայիլեն մեր զրահավորներուն ռումբ արձակեր են։ Մեր զրահավորներն ալ իրենց պատասխաներ են։ Հիմա ռումանիացիք կ՝ըսեն որ չենք կարծեր որ թյուրքերը դիտավորությամբ ռմբակոծած ըլլան Իպրայիլը։ Այս խոսքեն ի՞նչ կը հասկնաս, լոքո՞ւմ պիտի նետեինք Իպրայիլի մեջ։


— Ավելի աղեկ ա՛. մենք ալ կը պատասխանենք իրենց, որ բարի դիտավորությամբ պիտի ռմբակոծենք իրենց քաղաքները։