Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քիչ մը քսվիմ, եկու տես որ չեմ կրնար կոր քսվիլ, որովհետև հետևյալ օրը Թատրոնի մեջ կը տեսնեմ կոր ինքզինքս ասանկ լուսավորյալ դարու մը մեջ ես ինչո՞ւ ազատություն չունենամ ուզած կնկանս քծնիլ, դարձյալ օրինակի համար, ըսենք թե ես կամ կառավարության և կամ ազգային պաշտոններուն մեկուն մեջր կը գտնվիմ և կուզեմ շատ անիրավություններ ընել և չեմ կրնար կոր ուզածս ընել, որովհետև Թատրոնը իմանալուն պես երբեմն ուղղակի, երբեմն անուղղակի կը հարվածե կոր, ո՞ր մեկն ըսեմ էֆենտիմ, այս զավեշտական թերթերուն հասուցած վնասները շատ են շատ, կրնամ ըսել որ շատերու անոթի մնալուն, Չեյթունի քայմաքամին մարդ սպաննելուն, Վանա կրակի տրվելուն, վերջապես բոլոր այս տեսակ անիրավությանց պատճառը զավեշտական թերթերն են։


— Չեմ հասկնար, ի՞նչ կըսես։


— Չհասկնալու ի՞նչ կա։


— Կարծեմ ըսածդ դուն ալ չես հասկնար կոր։


— Ներեցեք, Հալեպեն եկած չեմ ես։


— Ուսկից գալդ պետք չէ ինձի, միայն սա կըսեմ որ մարդս յուր չգիտցած բանին վրա խոսելու չէ և թող տալու է որ գիտցողները խոսին։


— Այդ սովորությունը օսմանյան երեսփոխանական ժողովին արտոնությամբը վերցավ հիմա։


— Լեզվիդ ծայրը բան մը կա, չխոսի՞ս։


— Ի՞նչ խոսիմ պիտի, երեսփոխանական ժողովո արձանագրությունները չես կարդար կոր, քանի մը երեսփոխաններ զավեշտական թերթերու և անոնց խմբագիրներու պատիվը մեկ ստկի են ըրեր։


— Ի՞նչ են ըսեր։


— Մեկն ըսեր է թե՝ և որովհետև զավեշտական թերթերը անբարոյական բաներ են կըսեք կոր՝ պետք է զանոնք ջնջել, ուրիշ մալ իբր թե պաշտպաներ է ըսելով որ՝ եթե անբարոյական բաները վերցնել պետք է՝ նախ և առաջ Հեյալը և Մեյտան Օյունին արգիլելու է. և ասով զավեշտական թերթերը Հեյալի և Մեյտան Օյունին կարգր դասեր է։ Կեցցե՛ ազատություն կարծյաց...