Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թող տված պիտի ըլլա զավեշտական թերթերուն, որ անթիվ վնասներ հասցունեն հասարակության:


— Բայց և այնպես խոստովանելու է որ զավեշտական թերթերու մեջ անբարոյական լեզու գործածողներ կան։


— Բայց և այնպես խոստովանելու է որ, երեսփոխանական ժողովո մեջ բացառություն չեն գործածած, իսկ եթե անբարոյականություն տարածող թերթեր կան, ինչո՞ւ Տպագրական տեսչությունը զանոնք չպատժեր։


— Օրինակի համար շատ անգամ անանկ եղելություններ կը պատմեն, որոնք կրնան ականջները վիրավորել։


— Զարմանալի բան... մարդիկ իրենը կնիկներովն և աղջիկներովը թատրոն կերթան. չլսված ու քստմնելի դեպքերու հանդիսատես կըլլան, ո՛չ ականջնին կը վիրավորվի ո՛չ ալ աչքերնին. և դուրս ելած ատեննին բարոյական դաս մալ առինք կըսեն. իսկ երբ ամենեն համեստ լեզվով գրված անառակության դեպք մը կարդան զավեշտական թերթի մը մեջ, իսկույն ականջնին կը վիրավորվի և իրենք ալ կսկսին պոռալ. «Աս ինչ անիրավություն է էֆենտիմ. գրելու բան չմնաց տեա՞ս գրեց». բայց կարդացածը թատրոնի մեջ առջի. օրվան տեսած խաղին ամենաթեթև մեկ կտորն է եղեր, դարձյալ կը պոռա. «Խափանելու է էֆենտիմ. դադրեցնելու է. մեռցնելու է. կախելու է էֆենտիմ»։ Եթե այսպիսի դեպքերու հրատարակությունը բարոյականության դեմ կը կարծվի, սխալ է. ընդհակառակն՝ նույնիսկ բարոյականություն է. ինչպես ամեն թատերախաղեր՝ որոնք անբարոյական դեպքերով լի են, բարոյականության հիմն ունին։ Ավա՜ղ որ հասարակությունը զվարճացնելով անոր իրավունքները պաշտպտնող, անոր զեղծումները ուղղելու նպատակ ունեցող օգտակար թերթերու արժեքը ճանչված չէ տակավին. ոչ թե ռամիկեն որ այնչափ ցավ չէր տար մեզի, այլ քանի մը երեսփոխաններն և Տպագրական տեսչության տնօրեն վսեմափայլ Մաճիտ պեյեն։


— Իրավունք ունիս։ Մնաք բարով։


— Ի՞նչ օգուտ՝ ուժ չունիմ։ Երթաք բարով։