Անգ. — Եթե Հնդկաստանի վնաս մը տեսնամ՝ ան ատեն չեմ կրնար ասանկ անտարբեր մնալ, կը հասկնա՞ս։
Ռուս. — Կհասկնամ:
Անգ. — Ուրեմն միտքեդ հանե՝ Հնդկաստանի վնաս հասցունելու գաղափարը, եթե ոչ ամեն բան տակնուվրա կընեմ. Հնգկաստանի դպցունել տալ մի... ատ ըլլալու բան չէ։
Ռուս. — Մեր միտքեն ատանկ բան մը անցած չէ, մեր նպատակը միայն սա քրիստոնեից վիճակին բարվոքումն է։
Անգ. — Իմ ալ մինակ նպատակս Թուրքիո ամբողջությունը պահպանել է։
Ռուս. — Շնորհակալ եմ։
Անգ. — Ես ալ շնորհակալ եմ։
Ռուս. — Մնաք բարով։
Անգ. — Երթաք բարով, բայց սա խոսքս միտքեդ մի հաներ թե՝ Անգղիա չկրնար անտարբեր մնալ՝ երբ Հնգկաստանի վնաս մը տեսնե։
Ռուս. — Շատ աղեկ։
Անգ. — Երթաք բարով։
Խիկար. — (մեկուսի) Հնդկաստանի վնաս մը չտեսնե նե եղեր, Անգղիան տեղեն չպիտի շարժի եղեր։
ԽԻԿԱՐ Վ...ԻՆ ՀԵՏ
<79>
— Բարև, վսեմափայլ պեյ։
— Բարի եկար։ Սա աստղերը...
— Շատ ուրախ եղա իմանալով, որ նորեն խմբագրական
ասպարեզ իջնալով ձեր քաղաքական խորհրդածություններով
պիտի լուսավորեք զմեզ։
— Ո՞վ կարող է գիտնալ երկնիր երկայնությունը, լայնությունն
և խումաշը, ո՜վ գիտցած է թե որչափ աստղ կա
երկնից երեսը և որչափ երկնից կռնակը։
— Հիմա ամեն մարդ հացի խնդիրով զբաղած ըլլալով
ուր որ քաղաքական լուր մը կամ հոդված մը տեսնե աչքը
հոն կը դարձունե։