Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Հունաստանը հաջողեցավ վերջապես պաշտոնեություն մը կազմելու և երկրորդ օրը անոր տեղը նոր պաշտոնեություն մը չընտրելու։


Ասիկա մեծ փառք է Հունաստանի։


Հեռագիրը կր ծանուցանե, թե Հունաստանի կանոնավոր զորաց թիվր 25000-ի պիտի հասնի եղեր և թե այս պատրաստությունն ալ ուրիշ նպատակավ չէ, այլ պաշտպանողական նպատակավ է եղեր։


Նպատակնին սիրեմ... բայց որո՞ւ դեմ պիտի ըլլա այս պաշտպանողականը. այս մասին բան մը չեն խոսիր։ Արդյոք զորքերը ինքզինքնին պաշտպանելու համար զենք կառնեն, թե իրենց երկիրը, խնդրույն այս կողմն ալ մութ է։


Կը հուսանք, որ Հունաստանեն հետզհետե հոս գայիք լուրերը և ասկից Հունաստանի կողմերը երթալիք զրահավորները խնդրույն մութ կողմերը կը լուսավորեն և սխալ հասկցողության մը տեղի չտրվիր։


Հայրենիքի մեջ հետևյալը կարդացի.


«Պարկեշտ ստնտու մը ընտանիքի մը քով պաշտոն վարել կը փափագի։


Ուզողը լրագրույս գրասենյակը դիմելու է»։


Եթե ամիս մը առաջ ըլլար այս ծանուցումը՝ կըսեի, որ Ռումանիա երթա, բայց հիմա անօգուտ է, որովհետև ամիս մը կա, որ կաթեն կտրեցին բրենս Շարլը Հոհենցոլերնը։


Գիտե՞ք ով կտրեց։


Ռուսիան։


Իշխանը որ մինչև հիմա կաթով կապրեր, ամիսե մը ի վեր է, որ խոստումով ժամանակ կանցունե։


Կըսվի թե Միլան իշխանը շատ մը մխիթարական խոսքեր ըրած է իր պաշտոնակցին... ոչ, ոչ, սխալ ըսինք, անկախն Կարոլոսին, որն որ ոչ նվազ մխիթարական խոսքեր ըրած է կախյալն Միլանին։


Եվ սակայն Կարոլոսը կաթեն կտրված ըլլալուն վրա միշտ անհանգիստ է։