Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուրիշ իմաստասեր մը մեր իմաստասերին այս խոսքին շատ հավնելով՝ մալ ինք առավ և ըսավ.


«Բնավ մի՛ խոսիր ու շարունակ մտիկ ըրե»։


Եվ Թատրոնին վարագույրը գոցվեցավ:


Վեցամսյա լռությամբ ազգին և կառավարության մեծ ծառայություններ մատուցանելե ետև՝ եթե այսօր ընթերցողացս կը ներկայանամ՝ չկարծվի թե խնդալու դիտավորությամբ է, որովհետև խնդալը արդիլված է՝ իբրև վնասակար հասարակաց բարոյականության, այլ կսմթուելու և միմիայն տեսածներս պատմելու նպատակավ Մասիսի ստորոտը կիչնամ այսօր, աղաչելով մեր ընթերցողները, որ խնդալն զգուշանան և զավեշտ բառը բնավ չարտասանեն։


Այս հայտարարությունն ընելե ետև պզտիկ դեպք մը պատմելով կը կնքենք մեր հառաջաբանն, որ կնքված զինադադարին պես անհասկնալի բան մեղավ։


Երկու բարեկամ աշարանի մը մեջ կը ճաշեին անցյալ շաբթու։


— Մանչուկ, հոշապ մը բե՛ր, ըսավ մին։


— Հոշապը հայերեն չունի՞, հարցուր մյուսը։


— Զավեշտաջուր, պատասխանեց ընկերը։


— Անանկ է նե՝ մի խմեր, հասարակաց բարոյականության վնասակար է եղեր, ըսավ բարեկամը։


Ահա այսպես վնասակար ճանչցված են այն ամեն բաները, որ քիչ մը զավեշտով խառնված են։


Ընթերցող, դիպվածը անանկ բերավ, որ ես ալ, շատ մը վառվռուն հայ երիտասարդաց պես, քրիստոնյաներեն զինվոր առնվելու խոսքին վրա հիվանդանամ և երկու ամիսի չափ տունես դուրս չելնեմ. բայց երբ, անցյալ շաբթու. իմացա, որ Բ. Դռնեն Պատրիարքարան գրվեր է զինվորագրության առայժմ ետ մնացած ըլլալը դիպվածը անանկ բերավ, որ վրաս քաջություն մը գա և քիչ մը դուրս ելնեմ։


Աստվա՛ծ իմ, մայրաքաղաքս որչափ փոփոխություն կրած է։