Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ոչ թե բան մը ծախելու, այլ բարեկամներես մին տեսնելու համար, առջի օր ոսկերիչներուն շուկայեն անցնիլ հարկ եղավ։


Բարեկամս փնտրելու միջոցին՝ երկայնահասակ մարդուն մեկը երկայնահասակ խաչ մի ձեռին առջևս ելավ. իսկույն գլուխս բացի, և ինչպես որ օրեն է, երեսս խաչակնքի։ Հազիվ թե երկու քայլ առի, երկու կարճահասակ մարդ ձեռվընին մեկ մեկ բուրվառ բռնած դիմավորեցին զիս. խաչ մալ հանելով երկրպագություն ըրի և ճանբաս շարունակելու չմնաց, քշոցներով երկու երեք հոգի դեմս ելան։ Մեկ կողմ քաշվելով Հայր մեր մը կարդացի, վրան ալ աղվոր մը «Տէր, եթէ զշրթունս իմ բանաս» մը ավելցուցի և սկսա ինքնիրմես մտածել, թե՝ ոսկերչաց շուկային մեջ երբ և որու արդյամբ շինվեր են այս շարժական մատուռները։ ժամ մը ետքը հարցունելով տեղեկացա, որ այս մատուռները սլավության հակառակ ըլլալով՝ թշնամվույն մոտենալը տեսնելնուն պես՝ Պոլիս գաղթեր են։


Ճանբաս շարունակեցի դեպի Սիրքեճի։ Աստվա՜ծ իմ, այս որչափ ավանակ, որչա՜փ կով, որչա՜փ ձի... մարդս ինքզինքն ախոռի մեջ կը կարծե... գաղթականեն ավելի անասուն... և որչափ աժան... քսաննոց թուղթի պզտիկ էշ մը... մինչդեռ ֆինո մը կամ Վանա կատու մը դնել ուզես՝ վեց հարյուրնոց թուղթեն պակաս չես կրնար առնել։


Շիտակը խոսելով, աժանությանը չկրցի դիմանալ, կատվի տեղ պզտիկ էշ մը առի և տուն տանելով, սենյակս դրի։ Հետևյալ օրը մեծ զարմանոք տեսա, որ մուկ մը և կատու մը բռներ է. ուստի և տուներու մեջ պահվելու արժանի խոնարհ անասուն մէ։ Միայն մեկ հանցանք մունի, բազմոցներու և բարձերու մեջ խոտ չձգեր, կուտե կոր... ա՛յնչափ անոթի է խեղճը։ Իր ընթացքեն չկրցի գուշակել, թե՝ սլավության հակառակ է, թե՝ համամիտ։ Ուստի որոշեցի որ Նիկողոս մարգարեին դիմեմ օր մը և սանկ պզտիկ գուշակություն մընել տամ։


Ընթերցող, առիթեն օգուտ քաղե. ասանկ աժանություն. քսան տարին անգամ մը կը պատահի։ Ես օգուտ քաղեցի և պարծանոք կրնամ ըսել, թե արևելյան խնդիրեն ուրիշները