Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տար Աստված, որ սա նավատորմիղին սպասելու տեղ մը որոշվեր ու մենք ալ գլխու ցավեն խալսեինք։


Ընթե՛րցող, տարին մը ի վեր է այս նավատորմիղի խնդիրը գլուխնիս ուռեցուց։


Նավատորմիցը նախ և առաջ Պեշիքա եկավ։ Իր գալուն հետևյալ օրը խորհրդարանին մեջ հարցում մեղավ.


— Նավատորմիղը ինչո՞ւ Պեշիքա դնաց։


Լորտ Տերպի կարծելով, թե նավատորմիղին Պեշիքա սպասելը աղեկ տպավորություն չըրավ ժողովրդյան, հրաման ըրավ, որ Մալթա երթա, և գնաց։


Հետևյալ օրը առ քեզի հարցապնդում մալ.


— Նավատորմիղը ինչո՞ւ Մալթա գնաց։


Լորտ Տերպին այս հարցապնդումին վրա նորեն Պեշիքա ղրկել տվավ նավատորմիղը։


Նորեն հարցում մը.


— Ինչո՞ւ նավատորմիղը Պեշիքա գնաց։


Ալ մարդուս համբերությունը կը հատնի, մարդի՛կ, ըսես իրենց, սա նավատորմիղը ձերն է, նավատորմիղ ըսածդ ալ մարգագետնի մեջ չպահվիր, այլ ծովու վրա, տեղ մը որոշեցեք ու հոն մնա։ Այս չըրին, այլ միայն հարցապնդումով մարդը չվարեցուցին մինչև հիմա։


Շատ հավանական է, որ այս անգամ ալ հարցապնդումներ եղած ըլլան, թե ինչո՛ւ նեղուցեն մտեր է, թե ինչո՛ւ նեղուցեն ելեր է և Լորտ Տերպիի ալ ճարը հատնելով, իրեն ուղված հարցապնդումին համեմատ՝ նավատորմիղին մեյ մը նեղուցեն ելնելու, մեյ մը մտնելու հրաման ղրկած ըլլա, և այս է պատճառը որ նավատորմիղը մեյ մը ներս կը մտնե, մեյ մը դուրս կելնե կոր։


Տեսնենք, սա կատակերգության վերջը ո՛ւր պիտի երթա։


Չմոռնանք ըսելու, որ Անգղիո նավատորմիղին պես մենք ալ չերքեսներն ունինք, որոնց համար չենք կրնար կոր բնակելու տեղ մը գտնել։