— Շըշթ... ինձի նայե, սա առած տեղերս տեսա՞ր, անոնց ամենն ալ իմս պիտի ըլլան, հասկցա՞ր։
Այլ քաղաքավարությամբ կըսե.
— Սահմանս պիտե շտկեմ քիչ մը։
Որպես թե մեզի բնավ վնաս մը չունի։
Նույնպես՝ Սև լեռը չըսէր.
— Իմ տիրած տեղերուս՝ որոց դու կը հրամայեիր, ասկից
ետքը ես պիտի հրամայեմ. հասկցա՞ր ըսածս։
Այլ կըսե.
— Տեղս շատ նեղ է։
Լեզուն սիրեմ, եթե Պողազիչիի շոգենավներուն մեկուն
մեջ ինձի ըսեր ասանկ խոսք մը, տեղես կելնեի և իրեն տեղ
կը բանայի։
Նմանապես մեր բարեկամ Ռուսը չըսեր.
— Դեռ կայնե՞ր եք հոս... գացե՛ք սրկե։
Այլ կըսե.
— Սահմանս պիտի ընդարձակեմ։
Սահման, սահման և դարձյալ սահման։
Մեյ մը կանանց մազ շտկելը, մեյ մալ մեր բարեկամ
Ռուսիո սահման շտկելը վերջանալի բան չէ։
Այսչափ տարիներե ի վեր մեր բարեկամ Ռուսը սահման
կը շտկե և դարձյալ շտկելու տեղ մը կը գտնե։ Հիմա շտկելիք
սահմանը առաջինեն ավելի ծուռ պիտի ըլլա, և քանի մը տարիեն
ետքը նորեն սահման շտկելու պիտի սկսինք։
Տարակույս չկա, որ նորընծա Սերվիան, Սև լեռը ու Րումանիան
ալ իրմե սորվեցան սահման շտկելու արվեստը:
Արդյոք, ընթերցո՛ղ, մեր սահմանադրությունը չըլլա
որ ասոնք սխալ հասկնալով, կարծած ըլլան թե՝ իրենց սահմանները շտկելու համար հրատարակեցինք այդ սահմանադրությունը։
Եթե այդպես հասկցած են իմացնելու է իրենց, որ
սահմանադրությունն առայժմ գործադրության մեջ չէ։