Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինչ և է՝ դարձյալ շնորհակալ ըլլալու ենք Սրբազան պապեն, որ հաճեցավ այս խնդրույն մեջ չեզոքություն պահել և խաղաղության աշխատիլ, եթե այսպես չվարվեր շատ հավանական էր, որ ապստամբությունն մինչև այսօր յուր սաստկությանը մեջ շարունակվեր...


ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈԻԹՅՈԻՆ

<3>

Շաբթուս քաղաքական լուրերը խիստ բերկրալի են։


Աչվընիս լույս... խերը տեսնենք... Աստված հորն ու մորը երկար օրեր պարգևե։


Վերջին հեռագիրներեն կիմանանք, որ դքսուհիին մեկը աղջիկ զավակ մը բերեր է։ Ասանկ քաղաքական լուր մը անշուշտ բերկրություն կը պատճառե. որովհետև եթե դքսուհին աղջիկ զավակը չբերեր՝ կրնար ըլլալ որ քաղաքականությունը ուրիշ կերպարանք առներ։ Հերսեկի ապստամբությունը երկար ատեն շարունակվեր, արժեթուղթերն իյնային, Քարադեղի կամուրջը չլմննար, և այլն, և այլն։


Կը շնորհավորենք Աժանս Հավասն որ ասանկ ուրախալի լուրերով կը զվարճացնե զմեզ, և կը խնդրենք իրմե որ հիշյալ դքսուհիին երկրորդ զավակին գալուն օրը ժամ առաջ հաճի մեզ իմացունել, որ զինքը դիմավորելու ելնենք։


Դարձյալ աչվընիս լույս...


Միլան իշխանն ալ կարգեցինք։


Նշանված ատենը իրարանցում ըլլալուն համար ականջը չկրցինք քաշել, հիմա կրնանք բարեմաղթություններ ընել, իրարու խեր տեսնեն... ծաղկին ծլին... աճին և բազմանան... մեկ բարձի վրա ծերանան և Հիմեն ասոնց բարձին վրայեն անշեջ պահե յուր ջահը։