Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ճաթելու կետը այն է, որ կեղծը ելած ըլլալուն համար իսկն ալ չեն ընդունիր. չընդունելեն զատ կեղծն իսկեն կամ իսկը կեղծեն զանազանելու համար դյուրություն մալ չեն ցցուներ, որ ես ալ քովս գտնվածներուն կեզծ ըլլալը կամ չըլլալը հասկնամ։ Սատանան առնե մեղքերնին, բայց ինձ այնպես կը թվի թե՝ դիտմամբ չեն ցցուներ կեղծին ու իսկին մեջի տարբերությունը, որ իրենց հանածներն ալ չընդունին։


Եթե այս ընթացքը հաջողի, վաղը ես ալ հանուն Մասիսի տպարանի 50,000 ղուրուշի դրամանիշ պիտի հանեմ շրջաբերության, և ամենքը քշելեն ետքը՝ «էֆենտիմ, ատոնց կեղծն են շիներ» ըսելով, մեկն ալ չպիտի ընդունիմ։


Եվ մինչև հիմա չընելս կարծեմ քիչ մը անխոհեմություն է։


Հիմա հարցուր ինձի թե մինչև հիմա ի՛նչ ըրիր և ի՛նչ կընես։


Առաքյալին ըսածը կընեմ կոր, «Լալ ընդ լացողս, խնդալ ընդ խնդացողս»։


Ըսենք թե՝ Մուստաֆա էֆենտին կը տեսնեմ, որ տխուր նստեր ու կը մտմտա, ես ալ դիմացը կը նստիմ տրտում տխուր ու կսկսիմ մտմտալ։ Անդին կերթամ, կը տեսնեմ, որ Յանչո աղան Բեթքոին հետ ձեռք ձեռքի տված կը պարեն, կամացուկ մը Բեթքոին քովը կերթամ ու «Զեռքդ ինձի տուր» կըսեմ, ձեռքեն կը բռնեմ ու կսկսիմ պարել:


Իսկ եթե մեկը տեսնե զիս ու հարցունե, թե ինչո՞ւ կուրախանաս, կը պատասխանեմ,— Ուրախանալու բան մը չունիմ, խնդացողներու հետ խնդացած ըլլալու համար է, որ կուրախանամ։


Տեսնե՛նք, առաքյալը ինչ վարձատրություն պիտի ընե ինձ յուր խոսքը կետ առ կետ գործադրած ըլլալուս համար։


Լրադրաց մեջ նավատորմիղի վերաբերյալ ծանուցում մը կարդացի՞ր, ընթերցող, Պեշիքայի ու Կ. Պոլսո մեջ տեղ նա-