Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վատորմիղ մը կորսված է, գտնողին մեծ պարգև պիտի տան եղեր։


Մինչև այսօր այդ նավատորմիղին ո՛ւր ըլլալը չգիտնալնուն վրա կը զարմանամ կոր. ես ծանուցումը կարդալուս պես՝ ուր ըլլալը իսկույն գտա։


Ըսե՞մ ձեզի, թե ուր է այղ կորսված նավատորմիղը, պարգևը առնել կուտա՞ք ինձի։


— Այո՛, ըսե՛, և շուտ ըսե՛։


— Չերքեսներուն քովն է:


<84>

Անգղիական նավատորմիղը վերջապես գտնվեցավ։


Կղզիներուն առջևը եկեր նստեր է... առաջ գալու կամըչնա կոր։


Ինչո՞ւ եկավ այս նավատորմիղը։


Հանգիստ եղե՛ք, չարություն ընելու համար եկած չէ, բարություն ընելու համար ալ եկած չէ, միմիայն Արևելքի մեջ յուր պատիվը կոտրել չտալու համար եկած է եղեր։


Անգղիո կառավարության ըսեր են եղեր թե՝ եթե քու նավատորմիղդ Պոլիս չկարենաս մտցնել, մեծ պզտիկություն կը հրավիրես վրադ։


է՜հ, ընթերցո՛ղ, մեկը քեզի ասանկ խոսք մը ըսեր նե՝ հարկավ դուն ալ պզտիկ մնալ չէիր ուզեր ա՛։


Կըսվի թե Գաղղիո և Իտալիո կառավարությանց ալ նավատորմիղները քիչ օրեն պիտի գան, որպեսզի անոնք ալ պզտիկ չմնան...։


Ի՞նչ հարկ կա աս ու ան պզտիկ ձգելու... թույլ տալու է որ մեծնան։


Գոնե Ռումանիան, Սերվիան ու Սև լեռն ալ՝ պզտիկ չմնալու համար՝ նավատորմիղի տեղ տասնական կտոր կառք ղրկեն։


Մուսիան ալ ըսած է եղեր, թե՝ ինչ նպատակավ որ Անգղիո նավատորմիղը ներս մտավ, նույն նպատակավ ես ալ պիտի մտնամ։