Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Ոչ ոք կարէ երկուց տէրանց ծառայել»:


Մենք շատ ժիր մարդիկ ըլլալու ենք, որ այսօրվան օրս երկու տերերու կը ծառայենք, և անանկ տերերու, որոնց բնավորությունն իրարու այնքան ներհակ են, որքան որ ջուրը կրակին կամ որքան որ Արևելյան Մամուլը Չամուրճյան պատվելիին։ Օրինակի համար, եթե մին հոս եկուր ըսե՝ մյուսը՝ անդին գնա, կըսե. եթե անդիինը ել ըսե, ասդիինը՝ նստե, կըսե։ Ասոնց որին հրամանը կատարել, որինը չկատարել, որն ընդունիլ, որը մերժել...։


Ծառայել կըսեմ նե՝ անոնց սպասավորություն կընենք ըսել չեմ ուզեր, սխալ չհասկցվի. ըսել կուզեմ, թե և ոչ մեկուն սիրտը կոտրելու համար՝ հետերնին անուշությամբ կը վարվինք, ինչպես որ քաղաքավարությունն ալ այսպես կը պահանջե։


Մին ինձի կըսե.


— Գնա սա մարդուն ըսե, որ հոս գա։


Հազիվ թե կերթամ ըսելու՝ մյուսը ետևես կը կանչե ու կը հրամայե.


— Գնա՛, ըսե սա մարդուն, որ հոս չգա։


Հիմա դուն իմ տեղս եղիր ու գործ տես նայիմ։


Ի՞նչ ընեմ, ես ալ երկուքին ալ խոսքը հավատարմությամբ տեղը տանելու համար կերթամ այդ մարդուն կըսեմ.


— էֆենտիմ, նախ եկուր, հետո մի՛ գար, ու նոր հրահանգի սպասե՛։


— Ես ալ քու տեղդ ըլլամ նե՝ որը քեզի ավելի շահավոր է՝ ան կընդունիմ, մյուսը կը մերժեմ։


— Ահա դժվարությունն ալ հոտ է։ Եթե երկուքեն որին ավելի շահավոր ըլլալը գիտնայի, ըսածդ մինչե հիմա կնեի. առայժմ երկուքեն ալ վնասե ուրիշ բան մը տեսած չունինք։


Ի վերա այսր ամենայնի, ինձի այնպես կը թվի, թե՝ քանի մը տեր ալ ավելի ըլլա նե, պիտի կարենամ ծառայել։


Զեզի ի՞նչպես կը թվի։