Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հուսալի է որ այս ամուսնության պատճառավ Հերսեկի խնդիրք քիչ մը կը թուլնա և խաղաղությունը կը վերահաստատվի ի խնդություն հզոր տերությանց։


Կրկին հավելված...


Դարձյալ աչվընիս լույս...


Անուշներ ըլլա. անուշ անմահություն... գացած տեղը ղամ չտեսնա...


Վիքթոր էմմանուելը աղվոր Պորսա կը խմե եղեր Վիլհելմ կայսեր կենացը... շնորհակալություն հայտնելով բարեկամական հարաբերությանց համար։


Ողջ ըլլան ու խմեն... Աստված բարեկամություննին անքակ պահե... միշտ այսպես եղբայրական սիրով վարվին իրարու հետ և ուրիշներու բարի օրինակ ըլլան։


Դարձյալ գինի, դարձյալ աչվընիս լույս...


Պարոն Թիերին ալ բաժակ առաջարկվեր է և ընդունվեր է։


Ծերունին բաժակը տնկելով ըսեր է թե՝ հասարակապետությունը անխախտելի կերպով հիմնված է, թե Ֆրանսա Եվրոպիո համակրությանը վրա կրնա վստահ ըլլալ, թե՛...


Երկար մըներ տէ՛, անուշ ըլլա։


Դարձյալ խնդությո՜ւն...


Աթենքեն կիմացունեն թե Կալլես իշխանին ի պատիվ Արամազդա տաճարին մոտ հրախաղություններ տեղի ունեցած են... Արամազղը չիմանա... ասանկ բաներեն չախորժիք այդ մարդը...


Կալլես իշխանին ի պատիվ տրված կոչունքին մեջ բավական գավաթներ կոտրվեր են։ Վնաս չունի. բավական է որ խաղաղությունը հաստատ պահելու համար պարպվեր են։