Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Անցյալ օր գրած էինք ա՛, Ռուսիո բանակը քիչ մը ետ քաշել տալու համար չհեռացա՞վ։


— Առջի օրը անանկ էր, բայց այսօր անանկ չէ։ Իզմիտի ծովածոցը կղզիներեն ավելի հարմարություն ունի եղեր նավատորմիղը պահելու...


Ո՜վ Անզղիա, հպատակներդ պաշտպանելո՞ւ համար ճանբա հանեցիր նավատորմիղդ, թե նավատորմիղիդ հարմար տեղ մը փնտրելու համար։


Եթե այս վերջինին համար է, Անգղիո հպատակներն այսօրվնե Իզմիտ երթալու են, որովհետև հոն ավելի հարմարություն ունին պաշտպանվելու։ Ալ նավատորմիղն իրենց ետևեն չպիտի գա, այլ իրենք նավատորմիղին ետևեն պիտի երթան։


«Նախ և առաջ պետք է գիտնալ, թե Դարդանելն որո՛ւ ձեռք պիտի մնա»։


Այսպես կը խոսի Պիսմարք իշխանը, այսինքն՝ որո՞ւ ձեռքը Դարդանելի վրա պիտի մնա։


Այս խնդիրն ալ նոր երևան ելավ։


Մենք՝ ներկա պատերազմը քրիստոնեից վիճակին բարելավությանը համար կարծելով, ինչպես որ դարձյալ այնպես կը կարծենք, և Դարդանելին ալ քրիստոնյա ըլլալը մեր մտքեն անցած չըլլալով, ասանկ հարցումի մը բնավ չէինք սպասեր, և այնպես համոզված էինք, թե անոր ձեռքը պիտի մնա՝ որու ձեռք որ մնացած էր մինչև այսօր։


Մեր կարծիքը ծուռ, մեր համոզումը սխալ է եղեր։ Պիսմարք իշխանին խոսքեն սա կը հասկցվի, որ Դարդանելն ալ այս օրերս կնքվեր ու քրիստոնյա է եղեր...։


Զրույց կը պտրտի, թե մեր նավատորմիղն ալ կը համոզեն եղեր, որ քրիստոնյա ըլլա։


Թեպետ և աս զրույցն անհավատալի է, բայց այնպիսի դարու մը մեջ, ուր ամեն մարդ կրոնի ազատություն կը վայելե, անհուսալի բան մալ չէ։