Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մարդ Աստուծո, բերանդ բաց ու երկու խոսք ալ ինձի հետ ըրե՛։


— Քեզի հետ ի՞նչ խոսիմ, կնիկ։


— Ի՞նչ պիտի խոսիս. Թագուկ տուտույին էրիկը ամեն օր իր կնկանը նոր լուրեր կը բերե, կը նստի հետը կը խոսի բոլիթիքայի վրա, դուն բան մը չես ըսեր. հազար ու մեկ խոսքեր կը պտըտին կոր... Մոսկոֆը եկեր է եղեր, նորեն գացեր է եղեր, Ինկիլիզին տոնանման ատաներուն առջին է եղեր...


— էքմեքճին այսօ՞ր ալ հաց չբերավ։


— Վերջեն իզմիտ գացեր է եղեր...


— էքմեքճի՞ն...


— Չէ ճանրմ, տոնանման, հիմա ալ Պուրսայի ջուրերը պիտի երթա եղեր։


— Միսն ալ քսան երկուքի ելեր է...


— Մոսկոֆն ալ նորեն պիտի մտնա եղեր...


— Ինչո՞ւդ պետք քուկին, կնի՛կ, դուն տանդ գործերը նայե՛։


— Ինչո՞ւ չպիտի խառնվիմ եղեր... Ինկիլիզը մեզի խաբեր է եղեր... կըսեք թե կնիկները խաբող կըլլան, տե՛ս...


— Դարձյալ անանկ է յա ...


— Ճանըմ, ի՞նչ կուզեն կոր ասոնք։


— Ճանըմ, սեպե քի տուներնիս միսաֆիր մը եկավ տե, խահվե մը հրամցուցինք, խահվեն խմելեն ետքը՝ գինի ալ բերեք կըսե։ Գինին կուտանք, խնձոր ալ բերե՛ք կըսե։ Խնձորը կուտանք, կերակուր հանեցեք կըսե։ Կերակուր կը հանենք, կը նստի կուտե, ատկե վերջը՝ սոֆրային թախըմը ինձի տվե՛ք, կըսե։


— Քա տե՛ր ողորմյա, աս ի՞նչ տեսակ միսաֆիր է. ես ըլլամ նե՝ չեմ տար, թո՛ղ ելնե երթա։


— Ո՛չ կելնե, ո՛չ ալ կերթա, քիչ մը ատեն ձեր տանը մեյ պիտի մնամ կըսե։


— Չեմ ընդունիր, մեյ մալ տունս մի՛ գար կըսեմ ու հետը չեմ տեսնվիր։ Աս ի՞նչ է, ամեն մարդ միսաֆիրության կերթա։


— Ամեն միսաֆիր մեկ չըլլար ա՛։


— Հիմա աս Մոսկոֆր սոֆրայի թախըմ չունի եղեր։