Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չա՛թ, բաթ...


— Խապար չունի՞ս մի...


— Ինչո՞ւ կը զարնեք կոր...


— Չաթ... բաթ...


— Այ, այ, այ...


— Խապար չունի՞ս հե...


— Ծո՛ Կարապետ, ինչո՞ւ կեցեր ես, դուն ալ չզարնե՞ս... Մարկոս, Թորոս, զարկե՛ր...


— Այ, այ, այ, այ... թող տվեք, պիտի մեռցնե՞ք զիս... խապար ունիմ, ունիմ, փեսա պիտի ըլլամ, մոռցեր էի...


— Հարսին ձեռքեն բռնե՝ նայիմ։


— Բռնեցի։


— Սանկ եկուր նայիմ։


— Եկա։


— Առջևդ նայե։


— Նայեցա... օֆ... օֆ... ոսկորներս ջարդվեցան...


— Մինչև ցմահ տե՞ր ես, կը հարցնե քահանան։


— Չեմ, չեմ, կը պոռա փեսան։


— Չե՞ս մի...


Բաթ... քյութ... բաթ...


— Խաման կը տեսնա՞ս կոր...


— Տեր եմ, տեր եմ, մինչև ցմահ տեր եմ... մահվնես ետքն ալ տեր եմ, դեռ ըսելիք ունի՞ք։


— Ապրիս տղաս... ճանըմ, փեսանիս հում տղա չէ ամա, զինքը գլխե հանողներ կան։


Պսակի արարողությունը կամ լավ ևս ծեծի արարողությունը կը լմննա։ Սքանարեթ ալ կայնելու կարողություն չունենալով, բազմոցի մը վրա կիյնա, կը պառկի։ Հետևյալ օրը կանուխ կելնե բողոք մը կը գրե ու Կրոնական ժողովո կը ներկայացունե խնդրելով, որ սա ծեծի պսակը լուծեն։


Քարթալի քահանան պատվավոր կրոնական մէ, և մինչև հիմա ալ ապօրինավոր գործի մը մեջ գտնված չըլլալով, կը հուսացվի, որ այս պսակի պատասխանատվությունը ուրիշի մը վրա ծանրանա։


Տեսնենք, Կրոնական ժողովնիս քանի՛ տարի պիտի զբաղի այս խնդրով։