Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րողն ալ ուտե, քացախով սխտորով ուզողն ալ ուտե, քացախով սխտորով չուզողն ալ ուտե, լեմոնով սիրողն ալ ուտե, լիմոնով չսիրողն ալ ուտե։


Ատ ըլլալո՛ւ բան է։


Եթե այսպես է, հաշտության պայմաններն ալ կնքվելու բան չէ, ա՛յլ է, թե մեկ մարդու քմացը համեմատ եփվի բաչան:


Իրավ է, որ խղճմտանքը վերցած Է աշխարհես...


Սա Սերվիո ու Քարատաղին ելնել պատերազմական ծախք ուզելուն ի՞նչ կըսեք։


Շիտակը խոսելով, եթե ես ըլլայի, երեսս չէր բռներ։


Սերվիան ու Քարատաղ գրեթե մեր կառավարության զավակներն էին. մենք իրենց հետ այնպես վարվեցանք՝ ինչպես որ կը վարվի հայր մը իր զավակաց հետ։ Մեզի դեմ ոտք ելնելնին ու ձեռք վերցնելնին հերիք չէր, հիմա ալ ելեր ստակ կուզեն, մտքերնեն ըսելով.


— Հա՛յր, մենք քու խոսքդ մտիկ չըրինք, քեզի դեմ ապստամբեցանք, սուտ ըսինք, խոսքերնիս չբռնեցինք, ծեծեցինք, ծեծվեցանք, վերջապես քու կոկորդդ սխմեցինք, ուստի քու պարտքդ է հիմա մեզի ստակ տալ։


Ասոնք պարզապես ստակ վաստկելու ելեր են, եղբա՛յր։


Իսկ մենք չենք կարծեր, որ կառավարությունն ստակ տա ասոնց, որովհետև եթե ունենար՝ ավելի իր հնազանդ հպատակացը կուտար, քան թե անհնազանդ զավակացը։


Մենք հոս անոթութենե մեռնինք, անդին Սերվիան ու Քարատաղն ոսկիներով խաղան։


Պարտ անձին կը համարիմ ընթերցողացս ծանուցանել, որ հանգիստ ըլլան, և մտքերնեն բան մը չանցունեն Ռուսիո բանակին ու Անգղիո տորմիղին Պոլսո առջև գտնվելնուն վրա ատոնք բարեկամաբար եկած են։


Կրնամ ըսել, որ մեր մտքեն չարություն կանցնի, անոնց մտքեն չանցնիր։