Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս տողերը գրելու հարկ ալ չկա, որովհետև եթե Դարդանելի նեղուցը վեց անգղիական զրահավոր չկլներ, Ռուսիա մայրաքաղաքիս այսչափ չէր մոտենար, ինչպես որ Անգղիան ալ իր վեց զրահավորները Դարդանելեն չէր անցուներ եթե Ռուսիան մեզի այսչափ չմոտենար։ Եվ որովհետև մին բարեկամությամբ մոտեցավ մեզի, մյուսը չէր կրնար իր բարեկամությունը չհայտնել ու մեզմե հեռու մնալ։ Ի՞նչ կուզեք, այսօրվան որս բարեկամներու մեջ մնացինք։


Աստված զմեզ իրարմե չբաժնե, բարեկամություննիս հաստատ և անսասան պահե, մեր բարեկամաց երկար օրեր պարգևե. անոնց մեկ օրը հազար ընե. մեկտեղ աղեկ ըրեր անցունենք... Աստված Ավստրիայի ալ ասանկ բարեկամներ շնորհե...։


Աղեքսանդրիայեն կը գրեն թե՝ Եգիպտական արժեթուղթ ունեցողները ժողով մընելով, պատվիրակներ ընտրեցին, որպեսզի Եգիպտոսի ելմտական վիճակը դեսպանախորհրդին ներկայեն:


Նախ և առաջ՝ Եգիպտոսի ելմտական վիճակը դեսպանական խորհրդին ներկայանալու բան չէ... որովհետև Եգիպտոսի ելմտական վիճակը քրիստոնյա չէ, որ բարվոքմանը աշխատվի։


Երկրորդ՝ դեսպանախորհուրդը գլխավորաբար Բարիզի դաշնադրության վերաբերյալ խնդրոց զբաղելու պաշտոն ունենալով՝ և Եգիպտոսի ելմտական վիճակը Բարիզի դաշնադրության մեջ նշանակված չըլլալով, Եգիպտոսի ելմտական վիճակը դեսպանախորհրդին ներկայանալու իրավունք չունի։


Երրորդ՝ Եգիպտոսի ելմտական վիճակը եթե աղեկ չէ, իբրև հազվագյուտ մեկ վիճակ մը՝ ավելի Բարիզի արվեստահանդեսին ներկայանալու է, քան թե Պատենի դեսպանախորհրդին։


Չորրորդ՝ եթե օր մը դեսպանախորհրդո մառջև ելմտական վիճակ մը ներկայանալ հարկ ըլլա, Եգիպտոսի ելմտա-