Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան վիճակը թո՛ղ տեղը հանգիստ նստի, մեր ելմտական վիճակը նախ և առաջ պիտի ներկայանա հոն՝ իբրև մեծ եղբայր Եգիպտոսի ելմտական վիճակին...


Աղեկ միտքս ինկավ։


Վարդովյան էֆենտիի և Օրթա գյուղի թատրոնի խըմբին ելմտական վիճակները չեմ կարծեր, որ Եգիպտոսի ելմտական վիճակեն աղեկ ըլլան։


Պատիվ ունեցա գիշեր մը Օրթա գյուղի թատրոնը երթալու։


Ներկայացումը Քաթերին Հովարտ էր։ Դերասանաց թիվը հանդիսականաց թիվեն ավելի էր. հետևաբար դերասանները կը քաջալերեին զհանդիսականս, մինչդեռ ասոնց պարտքն էր զանոնք քաջալերել։


Դերասանաց ընթացքեն կռահեցի, որ դժգոհ էին, և սակայն հաստատամտությամբ կը շարունակեն իրենց ներկայացումներն ու վնասները։


Կերևա, որ ներկայացված խաղերը գյուղացվոց ճաշակին չեն համապատասխաներ, եթե վիսթի կամ թրեֆայի վերաբերյալ ներկայացումներ տրվին, թե՛ դերասանները կը վաստկին, թե՛ հանդիսականները և թե՛ դպրոցը։


Վերջեն իմացանք, որ Օրթա գյուղի խաղային Խորհուրդն առաջարկեր է թուղթ խաղացողներուն, որ գոնե շաբաթը անգամ մալ ի նպաստ գյուղի վարժարանին վիսթ խաղան։


Եթե այս առաջարկությունն ընդունվի, թատրոնին դռները կը գոցին և գեղացիք հակամայս թատրոն երթալե կը խալսին։