Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տենդը որ առաջ պաշտպան ողական դիրք մը բռնած էր, հիմա հարձակողականի սկսած է։ Առաջ եթե երկու օրը անգամ մը կը բռներ՝ հիմա ամեն օր բռնել սկսած է. սպառնալով որ, եթե այն դեղերեն նորեն առնե՝ օրը երկու անգամ պիտի գա բռնելու։


Այս տենդ ըսվածը բավական ռազմագետ է. կարծես թե Ալմանյայի բանակեն ելած է. ետ քաշվիլ ձևացունե և մեկ երկու շաբաթեն նորեն կը հարձակի։


Ուստի այսպիսի վարպետ հիվանդության մը դեմ դնելու համար կը հորդորենք հավատացյալ հիվանդներն, որ նախ բժշկի դիմեն և ետքը ծանուցումներու։


<2>

Երեկ չէ առջի օրը հակահասունյանց Սամաթիո եկեղեցին ալ հասունցավ։ Այժմ երկու տհաս եկեղեցի մնացած են իրենց քով, որոնց մին է Բերայի Ոսկեբերանը (բերանը պագնեմ) և մյուսը՝ Միջագյուղի Լուսավորիչը, բայց շատ հավանական է, որ առջի օրվան անձրևին վրա անոնք ալ քիչ օրեն հասուննան և փրցվին։


Երեկ Ոսկեբերանն ալ պիտի փրցվեր, բայց տհաս ըլլալուն պատճառավ թողվեր է։


Մեր հակահասունյան եղբարք դարձյալ պիտի պարտավորին իրենց նոր կրոնք մը փնտրելու կամ լավ ևս է ըսել, շինելու. որովհետև վերջին անգամ իրենց ֆապրիքեն ելած կրոնքին տեսքը սիրուն, բայց խումաշը աղեկ չըլլալուն համար շատ չդիմացավ, քիչ ատենի մեջ պատառեցավ։


Վերջապես իմաց տրվեցավ իրենց, որ կաթոլիկ ըլլալե դադրած են հիմակուհիմա։


Չուրանալով այն վարպետությունն, զոր ունին հակահասունյանք կրոնք շինելու մասին, կը հորդորենք զիրենք որ փոխանակ նորեն ուրիշ կրոնքի մը շինության աշխատելու՝ ունեցածնին քիչ մը վերանորոգեն և հասունյան եղբարց միանալով, որովհետև անկարելի է հայոց կամ բողոքական ազգայնոց միանալու, ազգին շինությանը աշխատին։