Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փոստ, Լընոր, Թակլպլաթ, Թալպլկաթ, և արտասանություննին դժվար ուրիշ քանի մը լրագիրներ կը գրեն թե՝ խաղաղությունը հաստատ պիտի մնա, թե՝ խաղաղությունն ապահովյալ է, թե՝ Սերվիան հզոր տերությանց խրատներուն լսելով իր վեհապետին դեմ ձեռք վերցնելու դիտավորութենե ետ պիտի կենա, և եթե ետ չկենա... ո՜հ այն ատեն... բոլոր հզոր տերություններր միանալով... դիմացեն հանդիսատես պիտի ըլլան։


Միլան իշխանը վերոհիշյալ լրագրաց մարգարեությունները կարդալով՝ ինքնիրմե կը խնդար ու կըսեր.


«Դուք տակավին իմին ի՛նչ տղա ըլլալս չեք գիտեր»։


Այսպես ըսելով՝ պատերազմի պատրաստություններ կըներ։


Բ. Դուռը Միլան իշխանին սույն պատրաստությունները տեսնելով հարցուր.


— Միլան։


— ...


— Միլանիկ։


— ...


— Ձայն չե՞ս տար, Միլան... սա Միլանիկը հոս բերե՛ք:


— Հոս եմ, հոս։


— Ի՞նչ կընես կոր հոն։


— Տղաքները կը ծեծկվին կոր, ես ալ դռան առջև նստած կը նայիմ կոր։


— Դուռը գոցե՛ ներս գնա՛։


— Ես բան մը չեմ ըներ կոր։


— Այդ ձեռքիդ դանակն ի՞նչ պիտի ըլլա։


— Ինքզինքս պաշտպանելու համար։


— Դու տակավին տղա ես, դանակը վար ձգե՛, ներս քաշվե՛, համարդ սերտե՛։


— Ես համարս սերտեցի։


— Ո՞վ սորվեցուր։


— Ետևի դռան դեմը դրացի մը ունինք ան սորվեցուց:


— Ես քեզի չպատվիրեցի՞, որ ատ դրացիեն դաս չսերտես, անոր հետ չտեսնվիս։


— Պատվիրեցիր։