Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կրոնքն այլևս չէ կարող ազգին շինությանը վնասել: Հասունյան մալ կարող է, եթե ուզե, Արարատյան Դպրոցասիրաց և Արվեստասիրաց ընկերությանց անդամ գրվիլ, և չենք կարծեր, որ Հասունյան արգելու կամ, եթե ուզե՝ կարող ըլլա արգելուլ ասանկ ազգասիրական գործերը. նմանապես Հասունյանի Ռևերսուրուսը, չարգելուր քեզի տղադ Հովհաննես կոչել փոխանակ Ժանի. լրտես ալ չղրկեր զքեզ ձերբակալել և պատմել տալու տանդ մեջ տաճկերենի տեղ. հայերեն խոսելուդ համար։


Արքայության խնդրույն գալով՝ որ թեպիտ և օրվան խնդիր չէ, իրենք ամենեն առաջ պիտի մտնեն հոն անշուշտ... եթե Պետրոս առաքյալ համոզե Մարկոն և բանալիները ձեռքեն առնեն Հայերն և բողոքական հայերն ալ ապուշի պես արքայության դռան առջև չպիտի սպասեն հարկավ. կամ բանալի մը շինել պիտի տան և կամ Պետրոս առաքյալին ձեռքը բան մը թխմելով ներս պիտի մտնեն և իրենց եղբարցը հետ պիտի միանան։


Այս խնդիրն ալ այսպես կարգադրվելեն ետքը ինչ հարկ կը մնա նորեն ֆապրիքա բանալ կրոնք շինելու համար։


Արդյոք Տամոկղեսի սուրը կախված կը մնա անոնց գլխուն վերևը որոնք բարենորոգմանց վրա խոսիլ կառաջադրեն։


Կարելի՞ է արդյոք Մասիսը վահան առնելով Ապետին փաշայի ըրած բարենորոգմանց վրա երկու խոսք ընել, եթե Մասիս ալ հաճի թուղթերը քիչ մը հաստցնելու։


Լրագիրը պատմեն զփառս Ապետին փաշայի։


Լրագրաց նայելով՝ նորին վսեմությունը Ասիայի մեջ բարենորոգում մուծելու համար ճանբա մը միայն գտեր է, և այն ճանբան ալ սա է։


Կամ աքսորելու է կամ ոստիկանություն կազմելու է։


Արդ, ով որ աքսորվելու հարմարություն ունի՝ պետք չէ որ ոստիկան ըլլա, և փոխադարձաբար, ով որ ոստիկանուսյան հարմարություն ունի պետք չէ որ աքսորվի։