Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Դուն եկո՛ւր, մի վախնար։


— Ճանբաս դյուրացուր։


— Հարմար առիթ մը գտնելուս պես պիտի դյուրացնեմ, ա՜խ, որչափ կը փափագիմ իմ անկեղծ բարեկամությունս ապացուցանելու հարմար առիթ մը գտնելու։


էմիրի լեզուն ալ բավական քաղաքագիտական է. եթե հարմար առիթ չգտնե՝ չպիտի կարողանա անկեղծ բարեկամությունն ապացուցանելու։


Խե՜ղճ մարդ։


էյրեթի անտառին կրակը իմացաք:


Եթե չիմացաք՝ իմացե՛ք։


«...ասկե երեք ամիս առաջ, կըսե Մասիս, էյրեթի անտառին մեջ հրդեհ մը ծագած լինելով անկեց ի վեր չորս կողմ տարածված է և այժմ էսկի Շեհիրեն տեսնվիլ սկսած, այսինքն ձիով 24 ժամու ճանբա հառաջացած է, և սակայն տեղական իջխանությունք բնավ հոգ չեն ըներ հրդեհիս առաջքն առնուլ, որ արդեն անբավ վնաս պատճառած է»։


Եթե ձիավոր ոստիկանություն մը կազմված ըլլար հոն՝ անշուշտ թող չէր տար հրդեհին որ ձիով քսան չորս ժամու ճանբա ընե։ Սակայն ինչ որ ալ ըլլա, սա հայտնի է թե հրդեհին ձին քալող ձի մը չէ եղեր, որովհետև երեք ամսվան մեջ հրդեհը մեր շըմենտըֆերով ալ կրնար 24 ժամու ճանբա առնել։


Այս հաշվով ըսել կըլլա թե՝ հրդեհը, եթե ձին չփոխե, վեց ամիսեն հազիվ կրնա Սկյուտար գալ, և թերևս ասոր համար է որ էյրեթի տեղական իշխանությունք կարևորություն չեն տար։


Ես միայն կը վախնամ, որ չըլլա թե այս հրդեհը Հնդկաստանի ճանբուն դպի և անգղիական բողոքանաց տեղի տա:


Անցյալները հեռագիր մը կը ծանուցաներ թե՝ Անգդիան Զուլաստանը իր երկրին պիտի միացունե։