Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի՜նչ զրպարտություն ...


Անգղիան բնավ մտքեն անցուցած չէ ասանկ բան մը, միայն թե անորոշ պայմանաժամավ մը պիտի գրավե Զուլաստանը։


Գրավելը միաբունե՞լ ըսել է։


Տեր ողորմյա ...


<3>

Եվրոպայի հավասարակշռությո՞ւն...


Օհո՜... ասիկա մեծ բան է, ասիկա պահելու է, ասոր դպչելու չգար, որովհետ և եթե անգամ մը կորսվի՝ մեյ մալ գտնվելիք չունի։


Շատ աղեկ... ո՞վ կըսե թե կորսունենք, սակայն Եվրոպայի հավասարակշռությունն ալ քիչ մը խղճմտանք ունենալու է։


Երբեմն Եվրոպական տերությանց լրագիրք իրարու դեմ կծու հոդվածներ կը գրեն։ Ինչո՞ւ։ Եվրոպայի հավասարակշռությունը պահելու համար։ Ո՛ղջ ըլլան։


Պետական մարդիկ իրարու հետ երբեմն նոթաներ կը փոխանակեն։ Ինչո՞ւ համար են այդ նոթաները. բիա՞նոի համար են, ոչ, ոչ, կը սխալիք. Եվրոպայի հավասարակշռությունը պահելու համար են։ Աստվսւծ իրենց երկար օրեր պարգևե։


Բարլամենթոյի մեջ լորտեր, մարքիներ և քոնթեր իրարու գլուխ կը պատռեն վիճաբանությամբ։ Ինչո՞ւ համար են այդ վեճերը, պաշտոնի գլո՞ւխ անցնելու համար, քավ լիցի, Եվրոպայի հավասարակշռությունը պահելու համար. Տեմոսթենես զորավիգն ըլլա մեր ատենաբանից։


Կայսերը բաղանյաց մեջ կը մտնեն, ինչո՞ւ, լվացվելու և սրբվելու համար, բնավ երբեք, ջուրի մեջ իրենց հավասարակշռությունը պահել սորվելով՝ Եվրոպայի հավասարակշռությունը պահելու համար... և ամեն անգամ որ ջուրեն դուրս ելնեն, էվրեքա. էվրեքա, ըսելովն զաշխարհ կը թնդացնեն։