Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զ. Շիրքեթը Խայրիեի շոգենավներուն մեջ գտնվող Ժեոքուրներուն վրա հարյուրին հարյուր զեղչ ըլլա։


Դեռ ուրիշ բաներ ալ կան, զորս հետզհետե պիտի հրատարակենք, միշտ սա ճշմարտության հենլով թե՝ ինչ որ ավելորդ է, վնասակար է։


Մոռցանք ըսելու թե ակռաներուն վրա ալ քիչ մը զեղչ պետք է։


<7>

Քանի միլիոն նիստ պետք է թուրքո-հելլանական խնդիրը լուծելու համար։


Ո՛րչափ միլիոն որ պետք ըլլա՝ կրնանք նույնչափ նիստ ընել, նիստն ոսկի չէ որ մտատանջություն պատճառե մեզ։


Առ այդ թուրքո-հելլենական հանձնախումբն յուր վեցերորդ նիստն ալ ըրավ, ինչպես որ պիտի ընե յուր յոթներորդն, ութերորդն և այքն։


Այսպիսի խնդրոց մեջ աճապարելը շատ աղեկ չէ, խնդիրն որչափ դանդաղությամբ քալե՝ այնչափ շուտ կը հասնի յուր նպատակին... Եզոբոսին՝ կրիայի և նապաստակի առակն մեր աչաց առջև է... և ես կը փափագիմ, որ այս խնդիրն երկու հազար չորս հարյուր յոթանասուն և ինը նիստի մեջ լուծվի, և կը հուսամ որ փափագս իրականություն գտնե։


Վերջին նիստին մեջ օսմանյան պատվիրակք հելլեն պատվիրակաց առաջարկած են։


— Որոշվելիք սահմանագլխույն վրա ձեր կարծիքը հայտնեցե՛ք։


— Նախ և առաջ դուք հայտնեցեք ձեր կարծիքը պատասխանած են։


— Նախ դուք խոսելու եք էֆենտիմ։


— Զեզի կիյնա խոսիլ։


— Մենք չենք կրնար ձեզմե առաջ կարծիք հայտնել։


— Ապրանքը ձերն է, դուք բան մը ուզեցեք։


— Դուք ի՞նչ կուտաք։


— Դուք ի՞նչ կ՛ուզեք։


— Ձեր միտքն ի՞նչ է։


— Ի՞նչ գիտնանք որչափ ուզելիքնիդ։