Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս պարոն Թրոթրը յուր բարեկամներեն մեկուն նամակ մը գրելով՝ Կարինեն Տիգրանակերտ ճամբորդությանը միջոցին՝ բյուրտ պեյերու կողմե գտած փառավոր հյուրասիրությանը մասին մեծ գոհունակություն հայտներ է։


Արդ, պարոն Թրոթրի քյուրտերու վրա ունեցած սերը հառաջ կուգա յուր կոկորդեն, որ պատիվ ունեցած է վայելելու գալարագեղ վրա աղվոր խորոված գուզու, սյուզմե մածուն, կարագ, կաթ և պատվական օղուլ պալի:


Եթե հիշյալ հյուպատոսն յուր ստամոքսին վրա կը հիմնե յուր քաղաքականությունը՝ գործերնիս բուրդ է, վասնզի քյուրտերու հափշտակությանց պատճառավ հայերն այսօր անկարող վիճակի մեջ են պարոն Թրոթրի ստամոքսը քյուրտ պեյերու չափ գոհացնելու։


Եվ մենք ապուշքս երբեմն փնտրելու կելնենք թե՝ այս ինչ պաշտոնեին այս ինչ ընթացքն ու քաղաքականությունն ի՛նչ բանի վրա հիմնված է...։


Ուտելու վրա, բարեկամ, ուտելու վրա հիմնված է և ո՛չ թե ավագի վրա։


Մեր Մասիսը, կամ մեր լեռնային պաշտոնակիցը, ինչպես կըսեր իմ վարժապետս, հանգուցյալ Սվաճյան, ուրբաթ օրն Ազգային ժողովին երթալու համար Թավշան Թավշի փողոցեն վար իջած ժամանակն, ծովային զինվորի կերպարանոք երեք մարդե շրջապատվելով կողոպտվելու փորձին ենթարկվեր է, բայց բարեբախտաբար իրեն հատուկ քաջությամբ դեմ դրեր և շնորհիվ քանի մը անցորդաց՝ օձիքն խալսեր է:


Ըստ մեզ, այս լուրն՝ զոր Մասիս ինք կուտա, շատ հավանական չէ. որովհետև Տերսիմի ապստամբ քյուրտերը մայրաքաղաքիս հիշյալ փողոցեն շատ հեռու լինելով, ի՞նչպես կարելի է որ հոս անապահովություն լինի, և, ըստ Մասիսի. Կարնո և Տրապիզոնի ճանբան ապահով լինի։


Ասոր մեր խելքը չհասնիր, այլ է եթե յուր կողոպտվելու լուրն ալ Մասիս յուր լրատվեն առած է։