Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ալ տարակույս չմնաց թե՝ սա Տիրայր կոչված քննադատն Աստուծմե չվախնար։

Եթե, մանանիո հատի չափ ունենար այս վախեն, յուր ընթերցողաց թշվառությանը պատճառ չպիտի ըլլար։


Առջի օրը չգիտեմ ո՛ւր, չգիտեմ որու մեկ խոսքը կարդացի և միտքս գրի որ հիշյալ խոսքը պարոն Տիրայրին ականջը հնչեցնեմ, որպեսզի հիշյալ ականջին տերը քիչ մը ինքզինք ժողվե։


Ահա հիշյալ խոսքը.


«Անպիտան գրոց հեղինակները պատասխանատու են Աստուծո առջև այն ժամանակին համար զոր կորուսնել կուտան իրենց ընթերցողաց»։


Եվ աս Տիրայրը պատասխանատվութենե վախցող մարդ չէ, եղբայր։


Քանի մը օր առաջ նորեն մատենագրական մը մրոտած էր Մասիսի ստորոտը։ Եթե մեկը գիշեր ատեն տեսնե հիշյալ մատենագրականը՝ որ քննադատությանց մեջ կենդանի կենտավրոս մէ, անպատճառ սոսկում կզգա և հանկարծակի կը մեռնի:


Երբ մարդս գրության մը անունը մատենագրական կը գնե, պարտավոր է անոր մեջ ըսել ինչ որ մատեսագրական անունը կը պահանջե և ո՛չ թե ինչ որ Տիրայր կը պահանջե։


Ժշկական վերնագրի տակ պայտարության վրա ճառելու չէ, ինչպես նաև բանաստեղծականին տակ բաչանիությամբ զբաղվելու չէ։


Քանի՞ անգամ կրկնելու է այս ճշմարտությունը։ Դիտմա՞մբ կը գրեք ատանկ մատենագրականներ որ արյունս գլուխս ցատկե և մեռնիմ...։


«Բարկանայք՝ և մի՛ մեղանչէք», կըսե մարգարեն։


Բայց առանց մեղանչելու ի՞նչպես կարելի է բարկանալ...։


Քանի որ բարկացած եմ այսօր, խոսիմ ուրեմն այն ամեն բաներուն վրա որոնց վրայոք բարկությանս մեջ կը փափագեի խոսիլ։