Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քանի մը տող վարը նորեն.


«Կաղաչեմ մեր (Փունջի) սիրելի ընթերցողաց որ խնամով կարդան սույն ատենախոսությունը...»


Քանի մը տող վար դարձյալ.


«Անհրաժեշտ հարկ է կարդալ...»։


Հասկցանք, պապամ, զուգում, յավրում, հասկցանք կսեն նե՝ կարճ կը կապեն։ Գլուխ է աս, կաղամբի գլուխ չէ կըսեր հորեղբայրս, երբ որ խոսք մը կրկնվեր։


Հասկցանք, կարդալու է. ուշի ուշով և անձանձրույթ կարդալու է... մի՛ կարծեր թե սրտիդ խանդն ու եռանդը չենք զգար...


Կարդալու է, եթե կ՛ուզեր՝ վարժարաններու մեջ ստիպողական ընելու է ատոր ընթերցումը. բայց չեք ըսած թե առավոտնե՞րը կարդալու է թե գիշերները. անոթի՞ թե կուշտ եղած ատեննիս. տո՞ւնը թե շուկան. ամենքն ալ զա՞տ կարդալու են։ Չկրնա՞ր ըլլալ որ մեկը կարդա և ուրիշները մտիկ ընեն։ Կարդալնես ետքը եթե քրտնինք՝ ֆանելանիս փոխե՞նք թե չէ։ Օրը քանի՞ անգամ կարդացվի նե՝ ավելի օգտակար կրնա ըլլալ...


Սա ատենախոսությունը գիրքի պես եկեղեցիներու մեջ տարի մը կարդացունենք նե ի՞նչպես կըլլա ո՛վ վսեմափայլե, բարեհաճելե, նվիրելե, ընտիրե, վսեմությունե, և մեծարգոե կապյալդ Փունջ:


<8>

Կը հիշեք անշուշտ եթե մեկու մը պարտք չունիք, իմացած եմ որ պարտք ունեցողներուն հիշողությունը տկար կըլլա, որ անցյալ չորեքշաբթի բարկության մեջ էի։


Ուրախ և շատ ուրախ եմ այսօր ծանուցանելու թե բարկությունս իջած չէ և մանավանդ թե՝ արգո հասարակութենե գտած քաջալերությանը վրա ազգային վարժարաններեն ավելի հառաջադեմ վիճակի մեջ կը գտնվի։


Կերեքնեմ, ուրախ եմ, որովհետև հառաջադեմ բարկություն մը մեծ բան է, այն չափ մեծ է որ թույլ կուտա մարդուս խոսիլ ինչ որ կը խորհի։