Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երեկ չէ առջի օրը բարկությունս իջեցնելու համար փափագեցա քանի մը տարիե ի վեր ազգային լրագրաց մեջ հրատարակված գրություններն աչքե անցունել։


Բարեբախտաբար բարկությունս իջեցնելու տեղ վերցուցիք որովհետև տեսա որ, հիշյալ գրությանց նայելով, մեր ազգն այսօր ունի.


Յոթանսունը հինգ հանճար։


Հարյուր ութսուն կամ հարյուր ութսունը մեկ, աղեկ մը չեմ հիշեր, տաղանդ։


Երեք հարյուր վաթսունը ինը գրագետ։


Չորս հազար երկու հարյուր ութսունը մեկ բանաստեղծ:


Հարյուր վաթսուն պատմագետ։


Իննսունը հինգ մաթեմատիկոս։


Վաթսունը մեկ փիլիսոփա։


Հարյուր երկու ընթերցող։


Չմոռնամ հիշեցնել թե բանաստեղծներու մեջ մաթեմատիկոս եղող ալ կա։


Ինչ է ասանկ երևելի մարդոց մեր ազգին մեջ շատնալուն պատճառը։


Պարզ է և հայտնի։


Մեր մեջը եթե մեկն ուրիշին «Դու հանճար մես» ըսե. այդ ուրիշը չելներ հրապարակավ ըսելու թե՝ «Պարոն, ես քու ըսածդ չեմ, չըլլա՞ որ զիս ուրիշ մեկու մը նմանցուցած ըլլաս»։ Բայց այդ մեկն ինչո՞ւ ուրիշին հանճար ըսե, անոր համար որ այդ ուրիշն ալ իրեն զրուցե և ասանկով ազգին մեջ հանճարները շատնան։


Հրամմեցե՛ք և մի բարկանաք։


Ի՞նչ արդյունք ունեցան այդ գրությունները։


Այս արդյունքն ունեցան որ,


Երկու տող ոտանավոր գրողը ինքզինքը բանաստեղծ կարծեց։


Քերականությունը լմնցնող աշակերտը գրագետ եղավ։


Թվաբանության չորս գործողությունները գիտցողն և մեկ արշին պասմա ծախողը մաթեմատիկոս եղավ։


Յուր թաղին փողոցները գիտցողը քաղաքական աշխարհագրություն հրատարակեց։