Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճառ մը կարդացողն զինք Տեմոսթենեսի տեղ դրավ։


Արարչագործությունը բերնուց սորված աշակերտը պատմագետ եղավ։


Քանի մը բացագանչություն սորվողը ելավ ողբերգություն մը գրեց և ժողովուրդը խնդացուր։


Բթամիտներե ժպիտ մը քաղողը կատակերգություն գրեց և հանդիսականները լացուց։


Ես կը փափագեի, որ երբ մեկն ուրիշի մը շողոքորթություն ըներ՝ այդ ուրիշն դառնար և ըսեր.


— Պարոն, հետս էյլենմի՞շ ըլլալ կուզես. դու գնա՛ ապուշ մը գտիր և զայն ծաղրե։


Այս ընելեն վերջն ալ հրապարակավ ըսելու էր.


«...լրագրույն... թվույն մեջ ինձի ուղղյալ շողոքորթությունները հերքելով՝ կիմացունեմ զիս ծաղրող պարոնին որ մեյ մալ հետս չիյնա, ես անոր խաղալիքը չեմ»։


Եթե մեկ քանի հոգի այսպես ընեին՝ հուս ալի էր որ մեր մեջեն ալ գոնե մեկ հատ մը, մեկ հատիկ հեղինակ մը տեսնելու բախտն ունենայինք։


Արարատյան ընկերություն, դուն ալ ոճդ քիչ մը հստակ ընելու աշխատե։


Հիշյալ ընկերությունն յուր տեղեկագրին մեջ ըսած էր թե՝ երրորդ տարին՝ աշակերտը կսկսի ճանաչել զՔրիստոս իբր բարոյական մարդ։


Կրոնական ժողովո ուշադրությունը հրավիրված ըլլալով այդ խոսքին վրա, — մեր Կրոնական ժողովո ուշադրությունը շատ քիպար է, մինչև որ հրավեր չընդունի տեղ մը չերթար, — Արարատյան ընկերության գործնական ժողովո ատենադպիրը պետք եղած բացատրությունը Կրոնական ժողովո տվեր է հետևյալ կերպով.


«Այդ հատվածին մեջ գտնված իբր բարոյական ասացվածը, հայերենի հատուկ հեղաշրջման օրինոք կը վերաբերի ոչ թե Քրիստոսի՝ այլ աշակերտին և այլն»։


Իսկ մենք կըսենք, որ ասանկ փափուկ խնդիրներու մեջ հեղաշրջման օրենքր գործածելու չէ։