Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դարձյալ Մասիս...:


Երեկվան Մասիսի մեջ տեսնել կը կարծեմ հետևյալը.

Լոնտրսւ, 23 հոկտեմբեր,

«Լորտ Սալիզպրի սըր Հենրի Լեյըրտեն տեղեկագիր մառավ որ կը հայտարարե թե Սուրիո վիճակը գոհացուցիչ է և թե Փոքր Ասիո մեջ բարենորոգմանց համար գետինը բոլորովին պատրաստ է»։


Ի՞նչ ըսել է, բարենորոգմանց համար գետինը բոլորովին պատրաստ է, ի՞նչ ըսել է, էֆենտիմ, միտքդ հասկցո՛ւր։


Բարենորոգումը գետի՞նը պիտի ցանենք, բարենորոգումը վերջապես գետնե՞ն պիտի բուսնի։


Պատասխան տո՛ւր, եղբայր։


Չըլլա թե՝ խնդիրը ցորենի կամ գարիի վրա ըլլա և դուն բարենորոգում հասկցած ըլլաս։


Ո՞վ է պատրաստեր գետինը, ո՞ւր է բարենորոգման սերմը, ե՞րբ պիտի ցանվի, կամ ինչպես պիտի տնկվի, չիլենկի՞ ցեղեն է թե պալ խապախըյի. օխայո՞վ կը ծախվի թե քիլոյով. բարենորոգման սիլքմե՞ն կ՝ըլլա բիա՞զը թե իմամպայըլտըն:


Պատասխան տուր:


Բարենորոգմանց ծայրը բրդավ։


Իմացա որ կղզիները, Ռոտոսթո և Իզնիմիտ բանող շոգենավները աճուրդի հանված են, ինչպես նաև զանոնք բանեցնելու արտոնությունն ալ։


Ուր էր թե ուրիշներն ալ այս բարի օրինակին հետևեին, այսինքն իրենց գործերը թեթևցնեին և աղեկ գործեին։


Փափագելի էր որ փոստահանեն ալ աճուրդի հաներ յուր պաշտոնյաներն ու չորեքշաբթի օրերը խեղճ ժողովուրդը ժամերով չսպասեր հոն նամակ մը տալու համար։


Վայրենին դուն ես, հասկցա՞ր, Հայրենիք:


Ի՞նչ էր էֆենտիմ չորեքշաբթի օրվան քու ըրածդ ալ։