Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շահասեր բարեկամը... օսմանյան սահմանադրությունը բոլոր սահմանադրությանց ամենեն գեղեցիկն ու կատարյալն է, օսմանյան խորհրդարանը եվրոպական խորհրդարանաց շատեն գերազանց է և այլն»։


Այս ճշմարտությանց ըսելիք չունինք, բայց հաճի սըր Հենքի Լեյըրտ ինչո՞ւ թող տվավ որ Ռուսիո զորքերը մինչև Այ Սթեֆանոս գան։ Կարճ կապենք։


Ընդհանուր ձողով մտնենք քիչ մալ եթե գլուխնիդ չցավիր։


Կիմանանք որ այսուհետև մեծ գործեր կարգադրելու պիտի աշխատի եղեր։


Մենք ասոր դեմ ենք. քանի որ հիշյալ ժողովը մինչև այսօր խոսելեն ուրիշ բան մը չըրավ, կուզենք որ ասկեց ետքն ալ խոսի, շարունակ խոսի, անդադար խոսի։


Վանքերուն մեջ մտնենք եթե անոթի ենք։


Շատ մը վանահայրներ վանքին ստակն ուտելը սկզբունք ըրած են իրենց։ Աղեկ սկզբունք, շարունակ ուտելու են, բայց մյուս միաբաններուն կերցնելու չեն։


Ա՛լ ուրիշ տեղ չմտնենք և մտած տեղերնես դուրս ելնենք։


Ինչպես ամեն անհատ նույնպես ամեն ընտանիք, ամեն վարչություն և վերջապես ամեն ազգ իրեն հարմար և շահավոր գիծ մը գծելու է և այն գծին վրայեն քալելու է։


Հայկական լուսահոգի խնդիրը ցույց տվավ մեզ թե՝ ամեն գծին վրայեն միանգամայն քալել ուզողը ճանբա չկրնար առնել։


Այնպիսի անիրավություններ կըլլան երբեմն, որոնց մարդս չկրնար հանդուրժել և կստիպվի քանի մը խոսք ընել։


Մեկը տեսա երեկ, որ հարյուր ոսկինոց ձիու մը վրա հեծած Վալաթիայեն կանցներ։


Փողոցեն անցնողները ձիուն գեղեցկությանը, ազնվականությանը, քալվածքին, մարդասիրությանը և ազնիվ զգացմանցը վրա կը հիանային։