Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բեռը կարծելով թե իրեն վրա կը հիանային, ձիուն վրա այնպիսի շարժումներ կըներ, որ սապես կրնային թարգմանվիլ.


«Ի՜նչ փառք ինձի համար, ամեն մարդ ինձի կը նայի»։


Ի՞նչ իրավունք ունի հիմա այս մարդը ձիուն տրված հարդն ու պատիվը իրեն սեփականելու. մեղք չէ՞ ձիուն...։


Քիչ մնաց որ պիտի երթայի և ականջն ի վար պիտի ըսեի.


«Մեծապատիվ էֆենտի, այնշափ մի ուռի՛ք, բարեհաճեցեք վար իջնալու և թող տալու որ քիչ մալ մեծապատիվ ձին ձեր վրա հեծնե որպեսզի տեսնեք թե եղած պատիվն ձեզի՛ է թե ձիու»։


Աս ըսելեն վերջը պիտի առնեի ձին և իրեն գարեջուր մը պիտի հրամցնեի...։


Բայց որովհետև ամեն ճշմարտություն չըսվիր, բարկությամբ առի քալեցի։


Քիչ մը խորհելեն վերջը տեսա որ ասոր նման շատ բաներ կան։


Կը ճանչնամ մարդիկ, որ անոր ասոր քով կը գոռոզանան հարուստ քեռայր մը ունենալնուն համար։


Կը ճանչնամ շատեր, որ իրենց հայրերեն ահագին դրամագլուխ առած և գործի սկսած ըլլալով՝ ինքզինքնին հավասար փորձառու և խելացի կը կարծեն այնպիսի անձանց, որք տասնհինգ տարեկանն ի վեր իրենց ճակտին քրտինքով ընտանիք պահած են և այսօր անոնց չափ հարուստ են։


Կը ճանչնամ թեթևներ, որ իրենց հարուստ մեկ ազգականին շնորհիվ գործի մը մեջ մտնելով՝ հաջողակությունն և ճարպիկությունն ուրիշի չեն տար։


Կը ճանչնամ նաև մեծ մարդիկ, որոնց գլուխն իմինիս պես զգումի ձև ունենալով և մեջը բան մը չունենալով, Դռան պաշտոնյա գտնված ըլլալուն համար ինքզինքնին խիստ հեռատես կեղծել կը փափագին։


Կը ճանչնամ նաև մարդիկ... բայց եթե բոլոր ճանչցած ներս ձեզի ներկայացնեմ՝ երկար կըլլա, ուստի անուշ տեղը կապելով ըսենք.