Արդարությունը կաղ է կըսեն։
Եվ այս ճշմարտությունն ամենեն ավելի ցավալի ճշմարտություններեն մեկն է։
Աշխարհիս վրա չքնաղ բան մը գտնվի և ան ալ կաղ ըլլա։
Սա չգիտցվիր որ արդարությունն մորմե՞ կաղ ծնած է
թե վերջեն ոտքը կոտրած են ամեն տեղ մտնել ուզելուն
համար։
Գոնե մեկ խըրըխճի՞ մալ չէ գտնվեր որ անոր ոտքը
շիներ։
Հիմա որ վարպետ խըրըխճիներ ունինք, եկե՛ք սա արդարության
ոտքը շինել տանք և շուտ մը Վանորեից խորհուրդը
ղրկենք որ Մամբրե եպիսկոպոսին դատին ներկա գտնվի։
Եթե Մամբրե եպիսկոպոս հաջողի արդարանալ և վանք
դառնալ արդարության մյուս ոտքն ալ պիտի կոտրի և այն
ատեն տեղեն չպիտի կրնա երերալ։
Եթե գիտնայի որ կանանց արժանապատվությունը չպիտի
վիրավորվեր՝ պիտի ըսեի թե՝ կանայք առանց բացառության
խենդ են։
Ասոնք բնավ չեն հասկնար, թե ինչ ըսել է քաղաքական
տագնապ, դրամական տագնապ, ազգային տագնապ, բանասիրական տագնապ, մատենագրական տագնապ և այլն.
ասոնք մինակ գիտեն թե՝ կին մը հագվելու և պարտելու
համար եկած է միայն աշխարհ։
Անգղիական նավատորմիղին մեր ջուրերը գալու զրույցին
վրա յուրաքանչյուր ոք յուր կարողությանը համեմատ
գլուխը քերեց։ Կանայք ի՞նչ ըրին։
— Պարի ձմեռը չկոխած ատաներուն առջին գային տե՝
երթայինք սեյր ընեինք քա՛ Քաթիկ տուտո՛ւ։
— Ան յումուրճախն ալ ատաներու առջևն ի՞նչ գործ
ունի, կամուրջին քովը գա որ ամեն մարդ րահաթ րահաթ
տեսնե։
Օրհնյալ երկիր... ո՞րչափ աղոթողներ ունիս...։