Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Ես ասկից Պոլիս չեմ կրնար կոր երթալ...


— Շատ աղեկ ըսավ. ես ալ իբրև փորձառու կը պնդեմ, որ արքայություն երթալու համար կամ ոտքով քալելու է և կամ շոգենավով. թրամվեյը թե՛ ուշ կը տանի և թե՛ սուղ։


— Խնդիրք հոն չէ. գիտեք արդեն, որ մեր ծուխերուն մեկ մասը գնաց հերետիկոս եղավ. լսածիս նայելով մաս մալ կա եղեր, որ քանի մը օրեն պիտի երթա եղեր... մեղք չէ՞ այն հոգիներուն... կորսվեցան անոնք...


— Թելլալ կանչել կուտանք կը գտնանք։


— Արքայությունր կը պարպվի կոր...


— Ավելի աղեկ ա, մենք հանգիստ կըլլանք հոն...


— Դժոխքը կը լեցվի կոր...


— Հոգ մի ըներ, մեզի համար ալ տեղ կը գտնվի...


— Ուստի, ես որոշեցի որ մեր ծուխերը համոզենք, անոնց ձեռքեն բռնենք, երթանք Հասունի ոտքն իյնանք, ոտքերը լվանք, ջրովը բիլավ եփենք ուտենք, աղաչենք, պաղատինք որ շնորհ ընե մեզի նորեն առնել յուր... ոտքերուն տակը։


— Ծուխերը կը համոզվին մի նայինք։


— Չի համոզվին նե՝ թող դժոխք երթան անոնք։


— Արքայությունը մեզմով ի՞նչ կը վաստկի, ես կարծեմ որ եթե առանց ծուխերու երթալ ուզենք արքայություն՝ Պետրոս առաքյալը դռները չբանար, ամենքս ալ կը վռնտե. արքայությունը շենցնողը ժողովուրդն Է, գերապատիվ։


— Ինչեն գիտեք որ մեր ծուխերը չեն համոզվիր։


— Իրենց հետ անանկ վարվեցանք, որ մեզի հետ ո՛չ թե արքայություն, դժոխք անգամ չեն երթար։


— Ի՞նչ պիտի ընենք, մինչև այսօր ազգին մեջ երկպառակություն ցանելե ուրիշ ի՞նչ ըրած ունինք։


— Երթանք հրետիկո՞ս ըլլանք։


— Քավ լիցի, քավ լիցի, չենք ընդունիր, ամենքը միաբերան։


— Ի՞նչ ըլլանք ուրեմն։


— Ըլլանք ինչ որ ենք։


— Կիմանամ որ Հասունյանը մեր վերարկուն ու քալրախն ալ պիտի առնե եղեր մեր վրայեն։