Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սաղմոս, Կտակարան, նարեկ և Երեմիա եպիսկոպոս։


Մինչև որ այս չորրորդությունը չընդունվի մեր վարժարաններու մեջ, հարստահարությունները պակաս չպիտի ըլլան եղեր գավառներեն։


Այսպես կըսե Երեմիա եպիսկոպոս...


Բոլոր մեր կրած հարստահարություններուն պատճառն Սաղմոս, Կտակարան և նարեկ չկարդալնիս է եղեր... որպես թե բոլոր եվրոպացիներն Սաղմոս, Կտակարան և Նարեկ կարդացած ըլլային։


Շուն բողոքականներուն հետ խոսողն և առուտուր ընողն ալ նզովյալ և անիծյալ է եղեր...


Պատրիարքարանն ասանկ քարոզիչ մը անպատիժ թողլով՝ դեռ պիտի հանդուրժե՞ որ յուր ժողովուրդն ամոթեն չհամարձակի աչքերը վեր առնելով նայիլ մեր հռոմեական և բողոքական եղբայրներուն, որք ամեն օր լրագիրներու մեջ կը կարդան միջնադարյան եպիսկոպոսին հայհոյությունները։


Եթե Երեմիա եպիսկոպոսը չպատժվի՝ տարակույս չկա թե բոլոր հանցանքը Պատրիարքարանի վրա կը ծանրանա։


Լրագիրներու մեջ կարդացի որ կայսերական զորքերեն զատ ոչ ոք պիտի կրնա յուր քով հրացան ունենալ առանց թեզքերեի: Այս հրամանը գավառներու մեջ ալ պիտի գործադրվի եղեր։


Ավելորդ է ըսել որ քյուրտերն ասկից ետքը թեզքերեյով պիտի սպաննեն հայերը, ինչու որ անոնց ձեռքեն մեկեն ի մեկ զենքերը ժողովելը քիչ մը դժվար է։


Ավստրիո նավատորմին Սելանիկ գալուն պատճառը գիտե՞ք։


Սիրտերնիդ հանդիստ ըլլա. քաղաքական նպատակի համար չէ, ծովային վարժություններու վերաբերյալ փորձերու և կրթություններու համար է եղեր։