Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պատճառն այս է, որ սեղանավորի մը խանութին մեջ քանի հողի նստի նե՝ ամենքն ալ հարյուր հիսուն ղուրուշ տալով մեյմեկ թեզքերե առնելու պարտավոր են. և ոստիկանությունը ժամանակ չունի երկար բարակ հարցնելով, ստուգելու թե դուն բարեկամիդ հետ տեսություն ընելու գացեր ես։


Եկամուտներն ավելցնելու համար եղած ջանից ըսելիք չունինք. բայց անշուշտ հասույթն ավելի շատ կըլլար՝ եթե հարյուր հիսուն ղուրուշ առնելով թեզքերե տրվեր այն ամեն անոնց որ քումայափոխի մը կերթան ստակ ավրել տալու համար։


Մշո վանահայր Գերապատիվ Մամբրե եպիսկոպոս որ հոս է, ամեն օր Մուշեն հեռադիր զարնել կուտա հոս հետևյալ կերպով.


«Միաբանները չենք ուզեր, մեր վանահայրը կուզենք մենք, շուտ մը հոս ղրկեցե՛ք զինքը. յուր ներկայությունը պետք է հոս. քոմիսերները պիտի գան, իրմե տեղեկություն պիտի ուզեն և այլն»։


Ո՜վ զգալի թշնամիներ, այսչափ ատենե ի վեր վանքին բիլավը կուտեք ու քոմիսերներուն տեղեկություն տալու չափ բա՞ն ալ չգիտեք։ Ժողովուրդն ատանկ շինծու հեռագիրներն չխաբվիր ա՛լ. Մամբրե եպիսկոպոս նախ յուր վրայոք մեզի տեղեկություն տա ու վերջը քոմիսերներուն։ Անոր ներկայությունը հոս ավելի պետք է քան թե հոն. եթե դուք ալ հաճիք հոս գալու՝ ազգին մեծ ծառայություն ըրած կըլլաք։


Վազ անցանք մենք ձեր հոն ընելիք ծառայություններեն։


Բիլավ կուտե՞ք պապամ, դուք անոր նայեցեք։


Սա հակահասունյաններուն կը վայլե որ իրենց ընկերները թողուն և երթան հերետիկոս ըլլան.


— Եթե վայլելու բան մը կա՝ ան ալ աս է։


— Ինչո՞ւ։


— Որովհետև քաջության ամենեն մեծը փախչիլն է։