Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


<16>

Ծիրանի գոտին դարձյալ երևցավ... Պատրիարքարանի կամարին վրա։


Պետք է հարցունել թե ինչո՞ւ համար, քանի որ հայտնի է թե ծիրանի գոտին հաշտության ժամանակ միայն կերևի։


Որո՞նք են հաշտվողները։ Երկի՞նք մեզի հետ. ոչ։ Մե՞նք երկնիր հետ. ո՛չ։ Պատրիարքարանի որոշումնե՞րն իրարու հետ. բնավ երբեք։ Որո՞նք են ուրեմն։ Մշո վանքին միաբաններն իրենց վանահոր հետ, որպեսզի ասկից վերջը սիրով և միաբանությամբ... կողոպտեն վանքը։


Վանորեից խորհուրդը ասոնց դատն նայելեն ետքը տեղեկադիր մը պատրաստեր է, որուն մեջ թե՛ ամբաստանողներուն և թե՛ ամբաստանյալներուն հանցավոր ըլլալը հայտներ է։ Արդ, ի՞նչ պատիժ է հանցավորներուն...։ Խիստ պատիժ մը, սարսափելի պատիժ մը տնօրինվեր է... և այն պատիժն ալ այս է որ միաբաններն և վանահայրն պագտվելով վանք վերադառնան։


Այս որոշումեն կը հասկցվի, որ ազգային Վարչությունը վանք կողոպտողները քաջալերելու սկզբունքը կը հարգե։


Երթան բարով ուրեմն Մամբրե, միաբաններ և ...Մշո վանքն։


Եթե ես Մամբրե եպիսկոպոսին տեղն ըլլայի, վանք դառնալուս պես ոչխարները կը ծախեի և ոսկիները գրպանս նեսելեն ետքը հեռագիր մը կը քաշեի Կ. Պոլիս հետևյալ կերպով։


«Քյուրտերը եկան մեր ոչխարները քշեցին»։


Հետևյալ օրը եկեղեցիեն արծաթեղենները կառնեի և իսկույն հեռագիր մը կը խմբագրեի սապես.


«Գողերը գիշերով եկեղեցի մտեր և բոլոր արծաթեղենները առեր տարեր են... ա՜հ, վա՜հ, ե՞րբ պիտի գա այս գողություններուն վերջը»։


Երրորդ օրը վարժարանը կը բանայի և քանի մը օր քանի մը աշակերտ առնելեն ետքը զանոնք կը վռնտեի և հեռագիր մը կը քաշեի Ե. Պոլիս սա իմաստով.


«Գողերն վանքը մտան և բոլոր աշակերտները գողցան»։


Այո՛, այսպես կ՝ընեի։