Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իրավ, խնդալե կը ճաթիմ երբ օր մը ոստիկանության մեկ ծանուցումը կարդամ հետևյալ կերպով.


«Նկատելով որ Պոլսո բանտը բավական չէ տանել բոլոր գողերը, որոշվեցավ որ բանտը փոխադրվի Վալաթիա Բերշենպե բազար պանը Օթոմանի շենքը»։


Լավ տնօրենություն մէ աս. փոխանակ գողերը բանտ տանելու բանտը տանելու է գողերուն։


Առջի օրը լրագրի մը մեջ հետևյալը կը կարդանք։


«Ստորագրյալս արգո հասարակության կը ծանուցանեմ որ հուլիս 30-են սկսյալ կինս թողած եմ»։


Վաճառական մը երբ յուր ընկերեն բաժնվի շրջաբերական մը կը հանե ծանուցանելով թե՝ այս ինչ պարոնն այլևս իմ ընկերս չէ, բայց ամուսին մը երբ այսպիսի ծանուցում մը կընե, և այն ալ յուր կինը թողելեն չորս ամիս ետքը, բնականաբար քիչ մը մարդուս ծիծաղը կը շարժե։


Որովհետև՝


Նախ՝ ամուսնացած օրը շրջաբերականով հասարակության ծանուցած չէր յուր ամուսնությունը.


Երկրորդ՝ հասարակությունը մեկու մը կնաթողությամբ յուր շահերը վնասված չնկատեր և հետևապես բնավ հետաքրքրություն չունի գիտնալ թե այս անունը յուր կինը թողած է.


Երրորդ՝ հասարակությունը բավական ավելորդ ժամեր չունի զոհելու լսելու համար այն մանրամասն տեղեկությունները զորս այս առթիվ տալ կը խոստանա այս անուն ստորագրյալը.


Չորրորդ՝ ստորագրյալն եթե այս ծանուցում ով յուր պատիվն պաշտպանել ուզած է՝ պարապ աշխատություն հանձն առած է՝ որովհետև շատ պատվավոր անձեր իրենց կինը թողած են առանց ոևէ ազդարարություն մը ընելու։


Վերջապես հիշյալ ծանուցման մեջ հասարակության շահ բերելիք կետ մը չենք տեսներ մենք... վա՜յ անոնց որ կը տեսնեն.