Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իսկ ես կը ցավիմ անոր վրա, որ ազգն մեծ անքաղաքավարություն ըրավ և հոս քանի մը թնդանոթ չնետեց այն օրն, ուր նորին սրբազնություն մայրաքաղաքես կը մեկներ։


Տար աստված որ նորին սրբազնության գրչեն չխմբագրված նամակներ հրատարակվելով հաստատեին Նար Պեյին ձեռամբ Ռումանիո և Ավստրիո մեջ հայերու պատվույն բարձրանալն, մենք չենք հավատար Նար Պեյին և ոչ մեկ խոսքին, և իրավունք ալ ունինք, վասնզի սուտ մը խոսողին տունն այրեր է և ո՛չ ոք հավատացեր է, կըսեն, մինչդեռ Նար Պեյին սուտերն մեկեն ավելի են դժբախտաբար, այնչափ ավելի, որ մինչև հիսուն համրած էինք ատենոք, բայց վերջը հաշիվը շփոթելով ստիպվեցանք համարակալ մը բռնել, որ ամիս մը աշխատելեն վերջը հրաժարական տվավ առարկելով, թե մեկ հոգի բավական չէ այդ ծանր գործը անթերի կատարելու։


Եթե գողերեն ու ավազակներեն ազատվելու ճար չունինք՝ գոնե անոնք հետ վարվելու մեկ ճարը գտնենք, վասնզի զիրենք գոհացնելը շատ դժվար է։ Եթե վրադ դրամ ունենաս՝ կը հափշտակեն զայն և քանի մալ ապտակ կը զարնեն՝ ապսպրելով որ մեկու բան չըսես, իսկ եթե վրադ դրամ չգտնեն աղեկ մը ծեծելեն ետքը կը բռնեն լեռը կը տանին զքեզ և փրկանք կը պահանջեն։


Լրագիրները կը ծանուցանեն թե Սելանիկի կողմն ավազակները անգղիացի գնդապետ մը բռներ՝ և լեռը տանելով մեծագումար դրամ պահանջեր են զինքն արձակելու համար։


Պանք Օթոմանի մեջ այս տարի գողություն եղավ բայց շիտակը խոսելու համար ասանկ պահանջումներ չեղան։


Զինվորական պատրաստությունները կը շարունակվին ամեն տեղ։


Սպանիո կառավարությունն ալ որոշեր է երեք պատերազմանավ շինել տալ, բայց գանձային վիճակը չներեր եղեր։