Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ակներև տեսնվեցավ որ մեր ազգին մեջ հարուստ չկա, եթե հարյուրական ոսկի նվիրող կամ փոխ տվող քսան հարուստ գտնվեր՝ երկու հազար ոսկիի գումար մը պատրաստ կունենայինք և հետզհետե հավաքվող գումարներով կրնայինք, առանց նեղը մնալու, սովու դեմ կռվիլ:


«Որ ունիցի ականջս լսելոյ լուիցէ»։


Հունական խնդիրն դեռ հոն է, ուր որ էր ծնած ժամանակն և ուր պիտի մնա, կերևի, մինչև որ մեռնի: Պատվիրակներն եկան, գնացին, առաջարկություններ եղան, մերժվեցան. եվրոպական տերություններ միջամտեցին, քաշվեցան, վերջապես խնդիրը չլուծվեցավ:


Հունաստան, ըստ մեզ, աղեկ կընե եթե մեր կառավարության խոսքը մտիկ ընե և իրեն տրվածը շնորհակալությամբ ընդունի, վասնզի խնդիրն եթե ավելի երկարի՝ երրորդ մը մեջ կը մտնե, և եթե այս երրորդը զորավոր է, այն ատեն ընկուզի տեղ անոր կեղևը բաժին կիյնա Հունաստանի։


Փորձով ալ տեսնվեցավ որ դատն երրորդին հանձնելու դարու մեջ չենք։


— Մարկոս աղա, աչքդ ինչո՞ւ կապած ես։


— Ղալաթիայեն եկա։


— Ղալաթիայեն եկողներուն աչքը բաց ըլլալու է։


— Այնպես ըլլալու է, բայց հիմա գոցելու կստիպվինք կոր...


— Ի՞նչ եղավ։


— Ինչ պիտի ըլլա էֆենտիմ, ո՛չ կարդ կա ո՛չ կանոն, մուհաճիրի տղաքը ալթմըշ փարա պաքըր ըսելով վրաս հարձակեցան ես ալ ինքզինքս խալսելու համար մեկ կողմ քաշվիլ ուզած ժամանակս բեռնակրի մը տարած սնտուկին զարկի ճակատս։


— Անցած ըլլա։