Սրբազան Ի...յան էֆենտին հատկապես սուրբ աջդ կը համբուրե և կը խնդրե որ այսօր անպատճառ տուն հրամմելով՝ յուր ախտացյալ զավկին վրա կարդաք։
— Շատ աղեկ ամա, ես ալ հիվանդ եմ, այնչափ հեռու
տեղ ի՞նչպես երթամ, ինչ որ է ալ խաթերն համար կառք մը
բռնելու տե գալու է, գնա այսպես բարև ըրե աղային։
Սպասավորին մեկնելեն հետո՝ սուտ հիվանդ սրբազանն
տապանակ ուխտի մինչև կամուրջ քալելով. անկե կերթա հիվանդին տունն և հիվանդին վրա կարդալեն վերջ, յուր ճանբու
ծախքն, կառքի ստակ և վիզիթան լի ու լի ստանալե հետո՝
տան տիրոջմեն հանուն Ս... եկեղեցվո նվեր մալ կը խնդրե
և երկու մեճիտ կստանա, այլ սակայն ամեն ստակը մեկեն
մեկ գրպանի մեջ դնելուն՝ դուրս ելնելուն կը մոռնա թե որչափ
էր հանուն եկեղեցվո ստացած գումարն, և մինչև այս
մտածման մեջ էր շարունակ երկու շաբաթ, անցյալ օր տեղվույն թաղականներեն մին իմանալով սույն իրողությունն,
երկու մեճիտն կը պահանջե իրմե։
— Մտքես ելեր էր կը հարե անշահախնդիր սրբազանն,
այսուամենայնիվ այդ երկու մեճիտն ձեռք բերելու համար
տասը ղուրուշ ծախս ըրի ես, այդ ծախսն զեղչել իրավունքս
է, ուրեմն ահավասիկ առեք երեսուն ղուրուշ և աղոթող եղիք
ինձ, որ տասանորդ չեմ առներ կոր։