Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այսպես են մեր թատրոնի հեղինակներեն շատերն ալ. իրենց ուզածին պես կը ներկայացունեն անձերը և կարծես թե մեծ գործ տեսած են։ Արշակ մը, Հայկ մը, Սանդուխտ մը պետք է այնպես ներկայացվի՝ ինչպես որ է, և ոչ թե ինչպես որ կը փափագին արգո հեղինակները։


Դեսպանախորհուրդն այսօր բացվեցավ Պերլին։ Այս գիշեր Պիսմարք իշխանին տունը գինի պիտի խմվի։


Թուրք կառավարությունն ալ անշուշտ այս երեկո հեռագրով անուշ հրամմեցիք պիտի ըսե գինի խմողներուն, որք գինիին վրա պիտի կլլեն անշուշտ... Յանիան։


5 հունիս

Ինչպես Մեղու-ի, Մշակ-ի, Փորձ-ի, արդելված է Պոլիս մտնելն՝ նույնպես նաև արգելված է խտիվի հարեմին:


Միթե այս հարեմն ալ թուրք քաղաքականության վնասակար հոդվածներ ի լույս ընծայած է, որ Պոլսո մուտքն արգելված է իրեն։ Հայտնի չէ։ Խտիվին որդին կը մերժե իր մայրերը։ Բ. Դուռն չուզեր ընդունել զանոնք և կիներով բեռնավորված նավը քաղաք մը կը փնտրե՝ ապրանքը դուրս հանելու համար։


Նկատողության արժանի է, որ այս հարեմին Պեշիքայի առջև սպասելը Հնդկաստանի ճանբուն դպած չէ. եթե դպած լիներ՝ Անգղիո խորհրդարանի մեջ հարցումներն իրարու կը հաջորդեին.


— Խտիվի նարեմն Նաբոլիեն ինչո՞ւ մեկնեցավ։


— Ինչո՞ւ համար Պեշիքա գնաց։


— Իտալիո կառավարությունն ինչո՞ւ թող չտվավ, որ այդ կիներն իր երկրին մեջ բնակին։ Իտալիո կառավարության այս ընթացքն Անգղիո թագուհվույն աշխարհավարության վնաս մը չի՞ բերեր։


Եվ կառավարությունն այս հարցումներուն պատասխանելով՝ խնդրույն վրա լույս կը սփռեր և ամենուն հետաքրքրությունը կը փարատեր.