Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
15 հունիս

Աշխարհիս վրա ժամանակն է, որ կընե ամեն բան։ Քսան տարի առաջ ժամանակն ուզեց, որ պարոն Թերզյան Սանդուխտ կույս անվամբ ողբերգություն մը գրե ժողովրդյան, որ շատ բաներու կարոտ էր, բացի Սանդուխտե։ Քանի մը տարի ետքը այս ժամանակն ուզեց, որ Սանդուխտի հեղինակն ոտանավորներ գրե ժողովրդյան՝ որ արձակը դժվար կը հասկնար: Այսօր ժամանակն կուզե, որ Ապողոնի աշակերտն արհեստից և գիտությանց Ծաղկաքաղ մը հրատարակե, բայց մեծ հոգ և խնամք տանի, որ լեզուն անհասկնալի լինի անոնց որոնց համար կը հրատարակվին ընդհանրապես նմանօրինակ հանդեսներ։ Շատ հավանական է, որ Ժամանկը տարի մը ետքը ուզե, որ պարոն Թովմաս Թերզյան գրե միայն այն ճյուղին վրա, որ իրեն հատուկ լինել կը կարծվի:


Խնդիրն այսօր Ծաղկաքաղին վրա է։


Տեսա այս հանդեսին առաջին թիվն, որու մեջ կարդացի, ի մեջ այլոց, մանիշակագույն լուսո ազգեցությունն բույսերու և կենդանիներու վրա։ Մոռցա ըսելու թե ոտանավոր խմբագրված չէ թերթը։ Փորձված է, կըսե Ծաղկաքաղն, որ փորձած չէ՝ որ մանիշակագույն ապակիներով ծածկված ջերմոցներու մեջ բույսերը շուտ կահին և արդյունավոր կը լինին, ինչպես նաև կենդանիները շուտ կը մեծնան և կայտառ կը լինին։


Ծաղկաքաղին անկեղծությանը վստահ լինելով՝ կը հավատամ յուր խոսքին, և մինչև իսկ կը պաշտպանեմ յուր կարծիքն, հայտնելով որ մարդն ալ, իբրև բույս և կենդանի, եթե մանիշակագույն ապակիներով ծածկված սենյակներու մեջ պահվի՝ ավելի շուտ կը ծլի և կաճի. մեկ տարվան մեջ... տասը տարեկան կը լինի. նույնպես ալ կին մը տարին չորս անգամ զավակ կը բերե և յուր մազերն և ըղունգներն մեկ ու կես քիլոմեթրո երկայնություն կունենան։ Կարծեմ Ծաղկաքաղն գոհ պիտի լինի այս հետևութենես։ Արդեն այլ և այլ գույներուն մարդուս վրա տարբեր ազգեցություններն ամենուս ծանոթ են. օրինակի համար, ո՞վ կարող է ուրանալ կապույտ գույնին ազգեցությունն՝ երբ աղջկան մը աչերուն մեջ