Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երևի այդ գույնը. ո՞վ չէ կրած այն ազդեցությունն, զոր կը ներգործե վարդն՝ երբ կուսի մը շուրթերուն վրա բացվի, ո՞վ չտեսներ երբեմն այնպիսի կիներ, որ երեք ամիսեն զավակ բերած են, անշուշտ մանիշակադույն ապակիներու տակ սնված շինելուն պատճառավ։ Այս ամենը լավ, բայց խնդիրը հոս չէ, տեր խմբագրապետ։


Ինչ հասկնա խեղճ գավառացին քո մանիշակագույն ապակիներեդ երբ նա ջերմոցի վրա դեռ գաղափար չունի. ի՞նչ պտուղ քաղե քու պտուղ չորցնելու համար տված քարոզեդ երբ նա ծառերու մշակության վրա չէ կարդացած ոչինչ. ի՞նչ պարտականություն ունի չորս հինգ տարի աշխատելու քու առողջապահական հոդվածդ հասկնալու համար։ Կը փափագեի որ Բոբովիչի Արհեստ երկայնակեցության անուն գիրքին լեզուն և ոճն օրինակ ունենային իրենց այն անձերն, որ ժոդովրդյան խոսելու կը պատրաստվին։ Բայց այս ոչ Թերզյանի գործ է, ո՛չ Սաքզյանի և ո՛չ Ապտուլլահյանի, այլ այն անձերու գործն է, որք հմտություն և փորձառություն ունին այն գիտություններու և արհեստներու մեջ, որոնց վրա պիտի խոսին ժողովրդյան։ Այս գործը դժվար է, խիստ դժվար է և վերջապես այնչափ դժվար է, որչափ դյուրին է ֆրանսերենե արհեստական կամ գիտնական հոդված մը թարգմանելով հրատարակելն, ինչպես որ կ՝ընե Ծաղկաքաղն: Երկրագործը կարող է գիտնալ, թե ի՛նչ պետք է մշակվիլ Վանա մեջ և ի՞նչ պետք չէ մշակվիլ Կարնո մեջ. այսպես իմացի՛ր ամեն ճյուղերուն համար։


Եթե ոչ ողբալի՝ գոնե ծիծաղելի է տեսնել, որ ազգի մեջ գիտություն և արհեստ գիտցող քանի մարդ որ կա՝ ամենն ալ դուրս ձգված են այս Ծաղկաքաղեն, որու խմբագրապետն է մի բանաստեղծ։ Բայց հուսալի է, որ պարոն Թերզյան ուշադրության կառնե մեր անկեղծ դիտողություններն և ամեն ջանք ի գործ կը դնե յուր հաջորդ Ծաղկաքաղները մանիշակագույն ապակիներով ծածկված սենյակի մը մեջ խմբագրել տալու, որպեսզի քիչ ժամանակի մեջ աճին և պտղատու լինին Հայաստանի մեջ։