Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
16 հունիս

Երեկ ըսած էի.


«Աշխարհիս վրա ժամանակն է, որ կընե ամեն բան»:


Այսօր կըսեմ.


«Աշխարհիս վրա մեր Ազգային վարչությունն է, որ բան մը չըներ»։


Դաստիարակության խնդիրն, սնդուկի խնդիրը, վանորեից խնդիրը, ամենը հոն է՝ ուր որ էր քսան տարի առաջ և ուր պիտի լինի քսան տարի ետքը։


Ժամանակավ երբ իմաստասեր մը Դիոգինեսի հետ վիճաբանություն կըներ համոզելու համար շնականը, թե շարժում չկա՝ կարասաբնակն քայլել սկսավ և յուր ընդդիմաբանին ըսավ.


«Քու փաստերդ կը հերքեմ»։


Եթե Անտիսթենեսի անառակագույն աշակերտին պես ընդդիմախոս մունենայի՝ Ազգային վարչությունը կը նետեի նորա առջև և կըսեի.


«Քու փաստերդ ալ ես կը հերքեմ»։


Դեսպանախորհուրդն յուր որոշումն տվավ Հունաստանի խնդրույն մասին։


Ոչ միայն որոշում տվավ, այլ Յանյան ալ տվավ Հունաստանի։


Հիմա Հունաստանի կը մնա առնել Յանյան, որ իրեն տրված է:


Եթե թուրք կառավարությունն հակառակի այս որոշման՝ վեց տերությունները պիտի օգնե՞ն Հունաստանի: Այո... ուրիշ դեսպանախորհուրդով մը...


Ես ալ այսօր իմ որոշումս տվի Հայաստանի նկատմամբ.


Ինքնօրինություն տվի Հայաստանին։


Գնա՛ ա՛ռ, եթե կարող ես։